Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ճանաչողական այցի շրջանակներում ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։
Հանդիպման մեկնարկին նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրի դեսպանին, ում պետության հետ հարաբերությունները գտնվում են չափազանց կարևոր հանգրվանում և հավելել, որ հայ-շվեյցարական կապերի ամրապնդումը, խորացումն ու համագործակցության նոր եզրեր գտնելը Հայաստանի նոր կառավարության օրակարգի մաս են կազմում։ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հաջողված համագործակցության արդյունքում Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալությունը գործընկեր կազմակերպությունների հետ 2014 թվականից սկսած մեծ ներդրում է ունեցել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների և տեղական ինքնակառավարման համակարգի կարողությունների հզորացման գործումե,- ասել է նախարարը՝ կարևորելով հետագա փոխգործակցության նոր և բազմաշերտ ուղղություններ փնտրելու անհրաժեշտությունը։
Դեսպան Լազարոթոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Շվեյցարիան շահագրգռված է աջակցել Հայաստանի համայնքներում հաշվետվողականության, արդյունավետության, քաղաքացիներին ավելի հասանելի ծառայություններ մատուցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Դեսպանը նաև ուրախությամբ փաստել է, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված ներդրումային միջավայրը դրական ազդակներ է ուղարկում շվեյցարացի պոտենցիալ ներդրողներին։
Նախարարը վերահաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, ինքնաբավության, տեղական ժողովրդավարության խորացման ուղղությամբ կառավարության հանձնառությունը և հույս հայտնել, որ այդ գործում կարող են ապավինել եվրոպական երկրների զարգացած փորձին ու կուտակած իմացությանը։ Անդրադարձ կատարելով կառավարության կողմից մեկնարկած տնտեսության առողջացման և բարեփոխումների մի շարք միջոցառումներին՝ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են տնտեսության տարբեր ճյուղերում շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Շվեյցարիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2018 թ. ավելացել է 30%-ով՝ մինչև $465.2 մլն: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 28,7%-ով՝ մինչև $336.4 մլն, ներմուծումը՝ 33,5%-ով, մինչև $128.8 մլն: