Արմինֆո. Հայաստանի արտադրության լեռնահանքային ճյուղն օրենսդրական բարեփոխումների կարիք ունի։ Այս մասին մարտի 28-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին։
Ըստ պատգամավորի, որը ոչ վաղ անցյալում գլխավորում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, 28 ընկերություններ, որոնք ունեն լիցենզիաներ, չեն կարող սկսել մետաղական հանքավայրերի յուրացումը` շահագործման թույլտվությունների բացակայության պատճառով: Արթուր Գրիգորյանը հիշեցրել է, որ հանքարդյունաբերությունը զբաղեցրել եւ կարեւոր տեղ է զբաղեցնում երկրի տնտեսության մեջ:
Ի պատասխան՝ վարչապետը նշել է հարցի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, հատկապես, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասով` հետագայում նոր խնդիրներից խուսափելու նպատակով։ «Չափազանց կարեւոր է, որպեսզի հետո մենք կրկին միջազգային փորձագետների չներգրավենք եւ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ չհատկացնենք հետազոտությունների անցկացման համար՚, - ընդգծել է կառավարության ղեկավարը: Նրա կարծիքով, հանքարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ է ձեւավորել այնպիսի համակարգ, որը մի կողմից բացառի բոլոր կոռուպցիոն ռիսկերը, իսկ մյուս կողմից, բացառի շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ներգործությունները:
Նշենք, որ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական. 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու եւ ոսկի-բազմամետաղային հանքավայրեր, 2 երկաթահանք եւ 1 ալյումինե հանքաքարի: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարում, բացի հիմնական մետաղներից, հայտնաբերվել են հազվագյուտ տարրեր` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիում, հելիում, բիսմութ եւ այլն: Այժմ Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանքը հիմնականում խտանյութերն են (պղինձ, մոլիբդեն, ցինկ, որոշ դեպքերում ՝ ոսկու եւ արծաթի բարձր պարունակությամբ, մոտ ապագայում ՝ նաեւ կապարի խտանյութ), ինչը թույլ չի տալիս լիովին օգտագործել հանքավայրերի տնտեսական ներուժը: Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ եւ վերջնական ցիկլով ՝ արդյունահանումից մինչեւ պատրաստի արտադրանքի ստեղծումը, հնարավորություն կտա ստանալ բարձր արժեքով արտադրանք, ինչը կարող է ապահովել ՀՆԱ էական աճ: