Արմինֆո.ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
««Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը: Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել»,- նշվում է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՎԵՈՆ-ը հրաժարվել է բանակցել Ucom-ի հետ։ <ՎԵՈՆ Արմենիա> ընկերությունը, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, իր կայքում պաշտոնապես տեղեկացրել էր Հայաստանում իր բիզնեսը վաճառելու շուրջ Ucom ընկերության հետ բանակցությունների մասին: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանում Beeline-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom ընկերությանն իր բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու նպատակով։ <Այդ քննարկումները կարող են կամ ավարտվել վաճառքով, կամ ոչ։ Նորմատիվ պահանջների համաձայն, VEON–ը տրամադրելու է թարմացված տեղեկատվություն դրա առկայության դեպքում>, – նշվում էր հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ucom ընկերությունը հայտնվել էր սկանդալի կենտրոնում ՝ մաժորիտար սեփականատերերի՝ ի դեմս նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի, նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ։ Ինչպես Գագիկ Խաչատրյանը, այնպես էլ նրա որդիներն ու զարմիկը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)
Հիշեցնենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։