Արմինֆո.Շարունակվող կարանտինի պայմաններում էներգետիկ ձեռնարկությունները չեն կարող դադարեցնել իրենց աշխատանքը: Հայկական ԱԷԿ-ում սկսվել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը (ՊՆՎ-2020), որը չի կարող իրականացվել առանց օտարերկրյա կապալառու կազմակերպությունների մասնագետների մասնակցության:
Ելնելով ոլորտի առանձնահատկությունից` աշխատակիցները չեն կարող այդ աշխատանքներն իրականացնել հեռավար եղանակով, նրանք պետք է ներկա գտնվեն կայանում, հայտնում է ՀԱԷԿ մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ 2020թ. ՊՆՎ համար Հայկական ԱԷԿ կժամանեն մասնագետներ Ռուսաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Սլովակիայից: Արդեն Հայկական ԱԷԿ են այցելել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները:
ԱԷԿ-ի աշխատակիցների և արտասահմանյան մասնագետների առողջության ապահովման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կայանում խստորեն իրականացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ` վիրուսի տարածումը կանխելու նպատակով: ՀԱԷԿ-ի և կապալառու կազմակերպությունների բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով` բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ միջոցներով:
«Այս տարի կայան կժամանի 120 մասնագետ, նրանց գործուղման աշխատանքներն սկսվել էին նախօրոք: Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և անձնակազմի ցուցակը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թույլտվությունը` մասնագետների երկիր ժամանելու և Հայկական ԱԷԿ մուտք գործելու վերաբերյալ: Բոլոր մասնագետներն ունեն առողջական վիճակի մասին տեղեկանք: Հայաստան ժամանելուն պես կիրականացվի նաև թեստավորում», - նշել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
Արտասահմանյան մասնագետների այցի և կարանտինի ժամանակահատվածի համար սահմանվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկում: Այսպիսով, մասնագետների համար կանցկացվեն ամենօրյա ջերմաչափում և բուժզննում, տրամադրվել է առանձին տրանսպորտ և ճաշարանում սնվելու հնարավորություն` համաձայն գրաֆիկի:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են հետևյալ հիմնական աշխատանքները՝ ռեակտորի միջին նորոգում, 2 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում, 6 շոգեգեներատորների տեխնիկական զննում, տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում, վթարային, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում,N 3 և 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում, տուրբագեներատոր-3-ի հիմնանորոգում, գլխավոր շրջանառու խողովակաշարի և գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշման աշխատանքներ: Նշենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանին կտրամադրվի 63,2 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար) բյուջետային վարկ։ պետական բյուջեի միջոցները կտրամադրվեն ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտի համար: Ծրագրի իրականացման համար ավելի վաղ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ներգրավել էր 270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ, եւ այսօրվա դրությամբ այդ միջոցների մնացորդային ռեսուրսը կազմում էր 107 մլն դոլար։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ռուս գործընկերների հետ չի հաջողվել պայմանավորվել այդ մնացորդային ռեսուրսի շուրջ: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել 63 մլրդ դրամ բյուջետային վարկ ներգրավելու մասին։ 2020 թվականին հայկական ԱԷԿ - ն այդ միջոցներից կստանա 18,7 մլրդ դրամ, 2021 թվականին ՝ 31,5 մլրդ դրամ, իսկ 2022 թվականին ՝ 13 մլրդ դրամ: Յուրաքանչյուր տրանշի մարման ժամկետը 12 տարի է, որից առաջին 2 տարին արտոնյալ կլինի։ Տոկոսադրույքը համարժեք կլինի նախկինում ներգրավված Ռուսաստանի Դաշնության փոխառու միջոցների տոկոսադրույքին։Վարկը տրամադրվում է առանց գրավի: