Արմինֆո.2020 թ. նոյեմբերից ի վեր ասիական երկու առանցքային ակտորներ՝ Իրանն ու Հնդկաստանը օգնության ձեռք են մեկնում Հայաստանին՝ "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքում մեզ կարևոր կարգավիճակ առաջարկելով։ Օգնության ձեռքը, սակայն, մնաց օդում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
«Թե Թեհրանը, թե Նյու֊Դեյլին ամենատարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը պետք է կարևոր տեղ զբաղեցնի Սև ծով֊Պարսից ծոց֊Հնդկական օվկիանոս լոգիստիկայում։ Ակնհայտ է, որ նման մեգանախագծին Հայաստանի լիարժեք ինտեգրումը էապես կզսպեր Բաքվի ագրեսիան։
Հատկանշական է, որ այս օրերի էսկալացիան գեներացվեց այն բանից հետո, երբ Բաքուն պայմանավորվածություն ձեռք բերեց Թեհրանի հետ "Հյուսիս֊Հարավ" հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով կազմակրեպելու վերաբերյալ (վերջերս էլ հայտարարվեց ադրբեջանա֊իրանական երկաթուղու՝ Քազվին֊Ռեշտ֊Աստարայի շինարարության տեմպերն արագացնելու մասին)։
"Հյուսիս֊Հարավը" օդ ու ջրի պես անհրաժեշտ է Իրանին։ Ու հաշվի առնելով Երևանի կողմից այս ուղղությամբ որևէ նախաձեռնողականության բացակայությունը, ավելին՝ "թյուրքական միջանցքի" ապրիորի ընդունումը որպես միակ տրանսպորտային սցենար, Թեհրանը չէր կարող չգնալ Բաքվի հետ գործարքի։ Միաժամանակ, Թեհրանում հասկանում են, որ լոգիստիկ կախվածությունը ազերիներից խիստ խնդրահարույց է ու վտանգավոր։ Ուստի, հայկական երթուղու ձևավորման սցենարը շարունակում է մնալ Թեհրանի տրանսպորտային ռազմավարության օրակարգում։
Հ.Գ. Ինչպես անցած տարի իմ հետ զրույցում ասաց Իրանի արտաքին գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, "հեռացրեք Փաշինյանին, որպեսզի կարողանանք միասին աշխատել"», - գրել է Վահե Դավթյանը։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |