Արմինֆո.ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հանդիպել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ և ներկայացրել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։
ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն, Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը. խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու: Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական և լաբորատոր փորձաքննություն, և, խնդիրներ չհայտնաբերելու դեպքում, անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:
Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, թե արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո: «Ամենայն ուշադրությամբ հետևեք արտահանման ներկայացվող արտադրանքի որակին, ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող», - հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Տնտեսավարողները շնորհակալություն են հայտնել հանդիպման և իրենց խնդիրները ներկայացնելու հնարավորության համար, նաև հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ուշադրություն էր հրավիրել Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծության արտադրանքի մատակարարումների կտրուկ աճի վրա: Գերատեսչությունը դիմել էր հայ գործընկերներին ՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար։ "Ընդ որում, նոյեմբերին խախտումների կտրուկ աճ է գրանցվել.միայն նոյեմբերի 24-26 - ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 փաստ, որոնք ստացվել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ", - ասված էր «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրության մեջ: Հաշվի առնելով դա ՝ գերատեսչությունը պաշտոնական նամակ էր ուղարկել Հայաստան ՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել սպառիչ միջոցներ ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումը Ռուսաստան և տեղեկացնել ռուսական գերատեսչությանը կատարված աշխատանքների մասին