Արմինֆո. 2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը:
ՀԱԷԿ-ի հաղորդագրության համաձայն, կայանի արտադրական տարածքում կազմակերպված տեխնիկական շրջայցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին:
Շրջայցից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց համար հայտարարվող մրցույթներին կարող են մասնակցել նաև ոլորտում ընդգրկված չինական ընկերությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծին. ըստ այդմ՝ նախանշվել են դիվանագիտական գերատեսչության միջնորդությամբ չինական ոլորտային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու եղանակները:
Փոխադարձ քննարկումների արդյունքում կողմերը ողջունել են համագործակցության պատրաստակամությունն ու դրական են գնահատել այդ ուղղությամբ տեսանելի նախադրյալները:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման (մինչև 2036թ.) աշխատանքները: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 65 մլն դոլար։ Նախագիծն իրականացվելու է "Ռուսատոմ Սերվիս" ընկերության մասնակցությամբ, որի հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր: Նախագծի պատվիրատուն Հայկական ԱԷԿ-ն է, որը պետական միջոցներ կստանա բյուջետային վարկի տեսքով ։ Սահմանված ժամկետում նախատեսվում է երկրում նոր ատոմային էներգաբլոկ կառուցել ։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |