Իրադարձության առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ա.Օսիպյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման հարաբերակցությունը կլինի հավասարաչափ` 50/50, կամ էլ` 60/40, վարկերը կտրամադրվեն սկսած 400 հազ.դոլարից, 7 տարի մարման ժամկետով: ՙԴրանք աննախադեպ պայմաններ են, մինչ այժմ բանկային համակարգը բիզնեսին վարկեր էր առաջարկում մինչև 5 տարի մարման ժամկետով, իսկ այս ծրագրով ժամկետը երկարաձգվել է մինչև 7 տարի՚,-ընդգծել է նա: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցերին, Ա.Օսիպյանը նշել է, որ տոկոսադրույքները կախված կլինեն շուկայի կոնյունկտուրայից, սակայն այսօր բանկը մտադիր է վարկավորել 11-14% տոկոսադրույքով, կախված ռիսկի աստիճանից, որը կբաժանվի Արարատբանկի և EBRD-ի միջև: Ելնելով երկու կողմերի գերակայություններից, վարկերը կտրամադրվեն տնտեսության բոլոր ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին, ելնելով նաև էկոլոգիական պահանջներից, բացառությամբ` ալկոհոլային խմիչքների, զենքի և ծխախոտի արտադրությունը, տեղեկացրել է Ա.Օսիպյանը:
Պոտենցիալ վարկառուների շարքում բանկը քննարկում է նաև ինքնավերականգնվող էներգետիկայի ոլորտը, ալյուրի արտադրությունը, շինարարությունը, ինչպես նաև սննդի և թեթև արդյունաբերությունները: ՙԱյս ծրագիրը նախատեսված է ավելի խոշոր գումարների համար, սակայն սկզբում պետք է յուրացնել փաստաթղթով նախատեսցած 4 մլն.դոլարը՚,-ընդգծել է Ա.Օսիպյանը: