Չորեքշաբթի, 13 Հունվարի 2010 14:59

Ամերիաբանկը 30 մլն դոլարի վարկ կներգրավի FMO-DEG-ից


ArmInfo. Ամերիաբանկն ավարտել է բանակցությունները զարգացման ֆինանսական երկու նշանավոր կազմակերպությունների` FMO-ի (Nederlandse. Financierings-Maatschappij voor. Ontwikkelingslanden N.V.) և DEG-ի (Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH) հետ` պարտքային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, վերոհիշյալ կազմակերպություններից ներգրավվելու է 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ, որից 20 մլն ԱՄՆ դոլարը` բիզնեսի վարկավորման համար, իսկ 10 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար: Վարկերը տրամադրվելու են շուկայում գործող մարման ժամկետներից զգալիորեն երկար ժամկետներով:


Բիզնեսի վարկերը նախատեսված են բոլոր այն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5 մլն դրամից մինչև 5 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչև 250: Տրամադրվող վարկերի գումարը կարող է հասնել մինչև 1.5 մլն ԱՄՆ դոլարի, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններին կարող են տրամադրվել վարկեր` մինչև 5 մլն ԱՄՆ դոլարի չափով:


Ամերիաբանկի կողմից FMO և DEG միջազգային խոշորագույն կազմակերպություններից բացառիկ պայմաններով ներգրավվելիք գումարները մեծապես կնպաստեն Բանկի կողմից արդեն իրականացվող վարկավորման ծրագրերի բարեհաջող իրագործմանը: