Հինգշաբթի, 21 Հունվարի 2010 10:20

ՀՀ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 5 տոկոսային կետով և սահմանվեց 5.5 տոկոս


ArmInfo. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.50 տոկոսային կետով և սահմանվել է 5.50%: Ինչպես Արմինֆո գործակալությանը հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումը կայացվել է ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում:

Համաձայն հաղորդագրության, 2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով:


ԿԲ խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը ևս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:


Խորհուրդը գտել է, որ գնաճի նշված միտումների շարունակման և տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաև կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարևորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը: