Նա նշել է, որ ասվածի լավագույն ապացույցն է հանդիսանում բանկերի կողմից ծառայությունների ու գործիքների տեսականու մշտական ընդլայնումը: ՙՕրինակ, մի քանի տարի առաջ մեզնից շատերը պատկերացում չունեին անգամ քարտային համակարգերի ու ծառայությունների մասին, իսկ այժմ կա քարտերն ընտրելու և բանկերի սակագները համեմատելու հնարավորություն՚,-ընդգծել է Ա.Ղուկասյանը, ավելացնելով, որ Հայաստանի բանկային համակարգում յուրաքանչյուր հաճախորդի համար մրցակցությունը կոշտ է ու անզիջում:
Միաժամանակ, նրա խոսքերով, բանկերը, բանկային նոր գործիքների ու տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, կարող են իրենց ծառայությունները տարբերել մրցակիցների այդ նույն ծառայություններից, կարող են մասնագիտանալ որոշակի ոլորտներում, ինչը շուկայական տնտեսության տարրերից է և հանդիսանում է մրցակցային առավելություն: ՙԻնովացիոն մոտեցումների շնորհիվ ձեռք բերված մրցակցային առավելությունները սխալ է և ընդունելի չէ որպես մոնոպոլիզացիա գնահատելը՚,-ընդգծել է նա: Նա ՙամենայն պատասխանատվությամբ՚ հայտարարել է, որ ՙներկայիս բանկային համակարգում մոնոպոլիզացիաներ չկան, իսկ ինովացիոն մոտեցումների շնորհիվ ձեռք բերված մրցակցային առավելությունների համար պետք է միայն ուրախանալ, չէ՞ որ դրանք են հանդիսանում ցանկացած ոլորտի շարժիչ ուժը՚,-ընդգծել է Հայաստանի Բանկերի Միության նախագահը: