Ուրբաթ, 5 Մարտի 2010 16:09
2010 թվականին ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ կշարունակի ինովացիոն բանկային տեխնոլոգիաների ներդրումը
ԱրմԻնֆո. ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ մտադիր է 2010 թվականին 1 մլն դոլար ուղղորդել ինովացիոն բանկային տեխնոլոգիաների ներդրմանը: Այսօր այդ մասին հայտարարել է բանկի գլխավոր գործաադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը:
Նրա ասելով, բանկը մտադիր է, մասնավորապես, ներդնել 3 նոր բանկոմատ կանխիկ դրամի ընդունման գործառույթով (cash-in), որոնց օգնությամբ հաճախորդները կարող են համալրել բանկային հաշիվը: ՙԲացի այդ, շուտով մենք մտադիր ենք ներդնել ArCa Link քարտեր, իսկ մինչև տարեվերջ` թողարկել դեբետային քարտեր չիպով: Մեր ընթացիկ ռազմավարության մի մասը նպատակաուղղված է առցանց ծառայությունների ընդլայնմանը՚, - ընդգծել է Ա.Քլիֆորդը: Նա հաղորդել է, որ այսօրվա դրությամբ բանկի կողմից թողարկված վարկային քարտերի թիվը կազմում է 15000 (ArCa և MasterCard), և նախատեսվում է մինչև տարեվերջ այդ թիվը 30 տոկոսով ավելացնել:
Ա.Քլիֆորդը հիշեցրել է, որ անցյալ տարվա մարտին բանկը գործարկել է հեռախոսային, իսկ հուլիսին` ինտերնետային բանքինգի նախագծերը` դրան ուղղորդելով ընդհանուր առմամբ շուրջ 2.5 մլն դոլար: ՙԱյդ ծառայությունների գծով մենք ունենք 12650 և 2000 հաճախորդ` համապատասխանաբար, և նախատեսում ենք նրանց թիվն ավելացնել մինչև 20000 և 7000` համապատասխանաբար՚, - տեղեկացրել է նա: Ա.Քլիֆորդի ասելով, առցանց սպասարկման գլխավոր առավելություններից մեկն այն է, որ այն հաճախորդներին թույլ է տալիս գործարքներ իրականացնել տնից կամ աշխատավայրից` իրենց համար հարմար պահի: Այսօրվա դրությամբ բանկն ունի շուրջ 50 բանկոմատ, շուրջ 100 POS-տերմինալ, հիմնականում, Երևանի հիմնական առևտրային կենտրոններում: