Հինգշաբթի, 18 Մարտի 2010 14:14
Հայէկոնոմբանկը մտադիր է պահպանել պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքը
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը մտադիր է պահպանել պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքը, ԱրմԻնֆո-ին հարցազրույցում հայտարարել է Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերով գործառնությունների իրականացման վարչության ղեկավար Վարդան Եղիազարյանը:
Նա նշել է, որ 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ բանկը վերականգնել է պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքերը`ապահովելով 82755 ակտիվ պլաստիկ քարտ, որից ArCa լոկալ քարտերը կազմել է 70231 հատ, իսկ MasterCard միջազգային քարտերը`12524 հատ: ՙԲանկը կրկին առաջատար դիրք է զբաղեցրել`մի շարք նախագծերի ակտիվ իրականացման, ինչպես նաև մի ժամանակ տարբեր պատճառներով բանկը լքած հին լոյալ հաճախորդների վերադարձի շնորհիվ՚,- նշել է Վ. Եղիազարյանը`ավելացնելով, որ այսօր պլաստիկ քարտերի գծով բանկի կորպորատիվ հաճախորդ է հանդիսանում 644 ընկերություն:
Վարչության ղեկավարը նշել է, որ բանկը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա վերջն ավելացնել պլաստիկ քարտերի քանակը 40%-ով: Նրա խոսքով, նախատեսվող աճը ձեռք կբերվի մի շարք նախագծերի գործարկման միջոցով: Հիմնական նախագծերի թվում Վ. Եղիազարյանը նշել է բանկի նախատեսվող մասնակցությունը Visa միջազգային վճարային համակարգին, Երևանի քաղաքապետարանի հետ TeenCard նախագծի հետագա իրականացումը, ինչպես նաև Համաշխարհային պարենային ծրագրի (UNWFP) շրջանակներում պլաստիկ քարտերի թողարկումը: