Երկուշաբթի, 22 Մարտի 2010 18:21
Մինչև տարեվերջ ՙՅունիբանկ՚-ը վարկային պորտֆելը կհասնի 90 մլրդ դրամի
ԱրմԻնֆո. Մինչև տարեվերջ ՙՅունիբանկ՚-ը նախատեսում է իր վարկային պորտֆելը հասցնել մինչև 90 մլրդ դրամի` ապահովելով վարկային ներդրումների 35 տոկոսի աճ: Ինչպես ԱրմԻնֆո գարծակալությանը հաղորդել են ՙՅունիբանկ՚-ի մամուլի ծառայությունից, այս տարվա փետրվարի վերջին բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 66,5 մլրդ դրամ, որից 39.9 մլրդ դրամը հանդիսանում են բիզնես-վարկեր:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականին ՙՅունիբանկ՚-ը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական անձանց վարկավորմանը` առաջարկելով նոր, շահավետ պայմաններով գարնանային ակցիաներ ինչպես հիփոթեքի, այնպես էլ ավտովարկավորման ոլորտներում: ՙՅունիբանկ՚-ի հիփոթեքային վարկավորման ծավալները փետրվարի վերջին կազմել են մոտ 12 մլրդ, իսկ ավտովարկավորման ծավալները` 8 մլրդ դրամ:
Դրա հետ մեկտեղ, տարվա կտրվածքով գրեթե կրկնակի անգամ ավելացել են բանկի պլաստիկ քարտերով վարկավորման ծավալները` փետրվարի վերջի դրությամբ կազմելով 2,2 մլրդ դրամ: Փետրվարի սկզբին բանկի կողմից թողարկվել է 37 հազ.քարտ, որոնց 73 տոկոսը կազմում են Visa միջազգային քարտերը: Բանկի կողմից տեղադրված POS-թերմինալների թիվը կազմել է 674, իսկ բանկոմատների թիվը`65 հատ: