Շաբաթ, 17 Ապրիլի 2010 14:03

Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան մեկ տարում աճել է 30 տոկոսով


ԱրմԻնֆո. Armenian Card համակարգի անդամ հայկական բանկերի կողմից 2010 թվականի առաջին եռամսյակում թողարկվել է 60551 պլաստիկ քարտ, 2009 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշը զիջելով ընդամենը 545 քարտով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թողարկվել է 21517 հատ ArCa քարտ, 20828 հատ Visa քարտ և 18206 հատ` MasterCard համակարգի քարտեր: Հաշվետու եռամսյակում, մեկ ամսում միջին հաշվով թողարկվել է 20184 քարտ, ինչը 0.9% պակաս է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում, միայն ընթացիկ տարվա մարտ ամսին թողարկվել է 28448 քարտ, փետրվարի ցուցանիշի համեմատ ավելանալով 8317-ով:

2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Armenian Card համակարգի անդամ հայկական բանկերի կողմից թողարկված ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 482524 քարտ, 30% գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընդ որում, ArCa ակտիվ քարտերի բաժինը կազմել է 60.3% (290792 հատ), MasterCard համակարգի ակտիվ քարտերի բաժինը`15.3% (74058 հատ) և Visa քարտերի բաժինը` 24.2% (117674 հատ): Ի դեպ, միայն մարտ ամսին գործարքներ են իրականացվել գործող քարտերի միայն 67%-ով (322732 հատով), այդ թվում` 204890 գործարք` ArCa քարտերով, 42264 գործարք` MasterCard-երով և 75578 գործարք` Visa քարտերով:

Աղբյուրի տվյալներով, ապրիլի 1-ի դրությամբ Asrmenian Card համակարգում գործող առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը (առանց բանկոմատների) կազմել է 2358, որոնցից 311-ը եղել են կանխիկացման կետեր: Առևտրի/սպասարկման նշված կետերում գործել է 2688 POS-տերմինալ, որոնցից 394-ը` կանխիկացման կետերում: Միաժամանակ, POS-թերմինալների ընդհանուր քանակի մեջ ArCa քարտերը սպասարկվել են 2632 POS-թերմինալների կողմից, Visa քարտերը`1767-ի, MasterCard համակարգի քարտերը`2253-ի, իսկ Armenian Express-քարտերըը`210 POS-թերմինալների կողմից: Մարտ ամսին առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը փետրվարի համեմատ կրճատվել է 57-ով, իսկ POS-թերմինալների քանակը`52-ով: 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 606 բանկոմատ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի`486 բանկոմատի համեմատ: