Շաբաթ, 15 Մայիսի 2010 13:27
EBRD և Արարատբանկը կապիտալը 1 մլրդ.դրամով համալրելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) և Արարատբանկն այսօր Զագրեբում տեղի ունեցած բիզնես-ֆորումի և EBRD տարեկան ժողովի ընթացքում Արարատբանկի կապիտալը 1 մլրդ. դրամով համալրելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել`1 մլրդ.դրամ գումարով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում իրականացնելու ճանապարհով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Արարատբանկի մամուլի ծառայությունից, թողարկմանը կմասնակցեն բանկի բոլոր բաժնետերերը, ըստ կապիտալում իրենց մասնակցության չափերի: EBRD-ն թողարկման արդյունքում կներդնի 225 մլն.դրամ կամ 600 հազ.դոլար, իր համար պահպանելով` 25%+1 իր բաժնեմասը: ՙՖլեշ՚ ընկերության բաժինը կազմում է 74.1%, իսկ մնացած մինորիտար բաժնետերերինը` 1%: Ամենայն հավանականությամբ, թողարկումը կավարտվի ընթացիկ տարվա մայիսի 31-ին:
Աղբյուրի համաձայն, կապիտալի համալրումը Արարատբանկին հնարավորություն կտա դիվերսիֆիկացիայի ենթարկել վարկային պորտֆելը և ավելացնել հաճախորդների թիվը, ինչպես նաև ակտիվացնել միջին և խոշոր հաճախորդների սպասարկումը, ընդյալնելով մասնաճյուղերի ցանցն ու ծառայությունների փունջը:
EBRD ֆինանսների գծով տնօրեն Նիկ Տեսսեյմանն իր հերթին նշել է, որ Արարատբանկի հետ համագործակցությունն ուղղված է բանկի հետագա զարգացմանը , իսկ կապիտալի համալրումը բանկին հնարավորություն կտա պահպանել իր ռեյտինգը Հայաստանի բանկային համակարգում:
Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը բարձր է գնահատել EBRD հետ համագործակցությունը, նշելով, որ Եվրոբանկի փորձը թույլ է տալիս կիրառել ժամանակակից բանկային և ֆինանսական տեխնոլոգիաներ:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Արարատբանկի ընդհանուր կապիտալը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 8.2 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը`6.1 մլրդ.դրամ, ակտիվները`41.2 մլրդ.դրամ, վարկային ներդրումները`19.1 մլրդ.դրամ կամ ակտիվների 43%-ը: Բանկի վարկային պորտֆելում 70% են կազմում տնտեսության մեջ իրականացված վարկային ներդրումները: Բանկն ակտիվորեն աշխատում է նաև մանրածախ վարկավորման շուկայում: 2010 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 304 մլն.դրամ մաքուր շահույթով: