Չորեքշաբթի, 30 Հունիսի 2010 16:03
ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ հունիսի 30-ին կնքեց 10 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով արդեն երկրորդ սինդիկացված վարկի պայմանագիր
ԱրմԻնֆո. ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ հունիսի 30-ին կնքեց 10 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով արդեն երկրորդ սինդիկացված վարկի պայմանագիր: Պայմանագիրը ստորագրել են ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ կողմից` գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Մկրտչյանը, իսկ ՎԶԵԲ-ի կողմից` ավագ բանկիր Ալեքսանդր Բաբայանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Հայէկոնոմբանկի մամուլի ծառայությունից, սույն թվականի հունիսի 25-ին կայացած ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ տարեկան ընդհանուր ժողովում, այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի թվով երկրորդ պայմանագիրը` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Սա ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին սինդիկացված վարկն է կովկասյան տարածաշրջանում: Սինդիկացված վարկում իրենց մասնակցությունը ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերը և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը: Սույն նախագիծը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ նկատմամբ վերը նշված կողմերի ունեցած խորը վստահության խոսուն վկայությունն է: Նշենք, որ սինդիկացիայի գործընթացի ժամանակ սինդիկացիային մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկը գերազանցեց ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված նվազագույն 8 մլն ԱՄՆ դոլարը` կազմելով 10 մլն. ԱՄՆ դոլար :
Սինդիկացված վարկը բաղկացած է երկու առանձին վարկերից: Առաջին 4 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը տրամադրվելու է ՎԶԵԲ-ի կողմից 36 ամիս ժամկետով, իսկ 6 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը` ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերի և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպության կողմից 12 ամիս ժամկետով, ևս 12 ամիս երկարաձգման հնարավորությամբ: Վարկի գումարը ուղղվելու է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների վարկավորմանը: Ընդ որում, 1 վարկառուի գծով վարկի առավելագույն գումարը կազմելու է 500 հազ.ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ:
Այս գործարքով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում մանր և միջին բիզնեսի հետագա զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը, նշվում է հաղորդագրության մեջ:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է սկսած 2000թ.-ից: Մինչ օրս ՎԶԵԲ-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ հետ համատեղ իրականացրել է շուրջ 34 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր: