Ուրբաթ, 16 Հուլիսի 2010 18:35
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան կես տարում աճել է 12 տոկոսով
ԱրմԻնֆո. ArCa համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին աճել է 10%, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 505 հազար, 29%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո գրծակալությանը տեղեկացրել են Armenian Card-ից, միայն այս տարվա հունիսին բանկերի կողմից թողարկվել է 18835 քարտ, աճի մայիսյան ցուցանիշը գերազանցելով 3340 քարտով: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 38.1% քանակական աճ են ապահովել MasterCard քարտերը, հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 82375 քարտի, որը կազմում է բանկերի կողմից թողարկված ակտիվ քարտերի ընդհանուր քանակի 16%-ը: Նույն ժամանակահատվածում Visa քարտերի քանակն աճել է 14%, հասնելով 126767 քարտի (25%), իսկ ArCa քարտերինը`6%, հասնելով 295556 քարտի, որոնց բաժինը թողարկված քարտերի ընդհանուր քթանակի մեջ կազմում է 59%: Հունիս ամսին գործարքներ են իրականացվել գործող` 348 հազար քարտերով:
Աղբյուրի համաձայն, հուլիսի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում առևտրի/սպասարկման և կանխիկացման գործող կետերի (առանց բանկմատների) քանակը կազմել է`2459, որոնցից 315-ը եղել են կանխիկացման կետեր: Առևտրի/սպասարկման այդ կետերում գործել են 2824 POS-թերմինալներ, որոնից 405-ը` կանխիկացման կետերում: Միաժամանակ, POS-թերմինալների ընդհանուր քանակում ArCa քարտերը սպասարկվել են 2731 POS-թերմինալների կողմից, Visa քարտերը`1762, MasterCard քարտերը`2411 և American Express քարտերը` 487 POS-թերմինալների կողմից: Հունիսին առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը մայիսի համեմատ աճել է 42-ով, POS-թերմինալների քանակը` 68-ով: 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 622 գործող բանկոմատ, տարեսկզբից աճելով 48-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ`119-ով:
ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի վարկային շուկայի լճացումը, որը դրամական ռեսուրսների ծավալների, ինչպես նաև արտարժույթով վարկավորման օրենսդրական սահմանափակումների հետևանքով բերել է սպառողական վարկավորման սառեցման, բանկերին մղում է արտարժութային ռեսուրսների իրացումն իրականացնել տարբեր քարտային նախագծերի զարգացման միջոցով: