Երկուշաբթի, 26 Հուլիսի 2010 11:15
Յունիբանկը մեծացնում է պլաստիկ քարտերով վարկավորումը
ԱրմԻնֆո. Յունիբանկը 2010 թվականի առաջին կիսամյակում ավելացրել է պլաստիւկ քարտերով վարկավորման ծավալները 850 մլն.դրամով, հասցնելով 2.8 մլրդ.դրամի: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազարույցում այս մասին տեղեկացրել է Յունիբանկի Վարչության անդամ, քարտային բիզնեսի զարգացման տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Դրա հետ մեկտեղ նա տեղեկացրել է, որ բանկն իրականացնում է պլաստիկ քարտերի ակտիվ թողարկում, մասնավորապես, միայն մայիսին թողարկված քարտերի 90%-ը եղել են վարկային քարտեր: ՙ21-րդ դարի բանկային բիզնեսի հիմնական ուղղությունը դրանք սպառողական վարկերն են, այդ թվում նաև պլաստիկ քարտերով տրամադրվող վարկերը, որոնք լրջորեն դիվերսիֆիկացնում են պորտֆելը՚,-նշել է Մ.Հակոբյանը:
Խոսելով Հայաստանում անկանխիկ վճարումների մշակույթի մասին, նա նկատել է, որ այդ ոլորտում նկատվում է որոշակի դինամիկա: Այսպես, եթե 2005 թվականին Յունիբանկի անկանխիկ տրանսակցիաների բաժինը քարտային ընդհանուր տրանսակցիաների մեջ կազմում էր 3% - 5%, ապա այժմ այն կազմում է 10%: ՙԱնկանխիկ վճարում իրականացնող հաճախորդն ունի քարտային հաշվի վրա վարկ ստանալու մեծ հնարավորություն, քանի որ բանկը տեսնում է, թե ինչ ձևով է հաճախորդը ծախսում փոխառու միջոցները՚,-հաստատել է Մ.Հակոբյանը: