Հինգշաբթի, 29 Հուլիսի 2010 11:42
ՀՀ ԿԲ հաստատել է ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության ինքակարգավորվող կազմակերպության անդամներին
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում, ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության անդամություն է շնորհել ՙՆԱԻՐԻ ԻՆՇՈւՐԱՆՍ՚ ապահովագրական ՍՊԸ-ին, ՙՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙԳարանտ Լիմենս՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ՓԲԸ-ին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բյուրոյին անդամագրվելու վճարը սահմանվել է 15 մլն.դրամ, ևս 10 մլն.դրամ բյուրոյի յուրաքանչյուր անդամ կվճարի բյուրոյի ընթացիկ ծախսերի համար: 2011 թվականի հունվարի 1-ից ապահովագրական ընկերությունները եռամսյակային կարգով կվճարեն անդամավճարները`նախորդ տարվա մուտքերի 0.5% չափով:
Նշենք, որ ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միությունը ԿԲ կողմից գրանցվել է 2010 թվականի հունիսի 28-ին: Այդ կազմակերպությունն ու երաշխիքների հիմնադրամը ստեղծված են Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադրի ապահովագրության իրականացման արդյունավետության, ինչպես նաև ավտոապահովագրողների գործունեությունը կոորդինացնելու նպատակով: Բացի այդ, կստեղծվի նաև ավտոապահովագրության կենտրոնացված տվյալների էլեկտրոնային բազա, անկախ գնահատողների ինստիտուտ և այլն:
Հիշեցնենք, որ ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունն արդեն հավանություն է տվել Կենտրոնական բանկի ապահովագրական ռեգիստրի և ՀՀ Ոստիկանության միջև տվյալների փոխանցման հայեցակարգին, օրենքի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով:
Հայաստանում հաշվվում է մոտ 330 հազ.ավտոմեքենա, այդ թվում` մոտ 260 հազ. մարդատար, 15 հազ.ավտոբուս, 55 հազ. բեռնատար: Հայաստանի ավտոմոբիլային պարկի միջին տարիքը 2007 թվականի տվյալներով կազմում է 12 տարի: ԱՔՊՊԱ շուկան գնահատվում է մոտ 35 մլն.դոլար: