Երեքշաբթի, 3 Օգոստոսի 2010 11:41
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 5.2%, կազմելով 694 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 5.2%, կազմելով 255 մլրդ.դրամ կամ 694 մլն.դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 16.1%, կազմելով 99.2 մլրդ. դրամ կամ 270 մլն.դոլար: Բանկային համակարգի ցպահանջ պարտավորությունները կրճատվել են 12%, կազմելով 242 մլրդ.դրամ կամ 658.4 մլն.դոլար:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 5.7%, կազմելով 1036 մլրդ.դրամ կամ 2.8 մլրդ.դոլար: Դրանց կազմում, կառավարության հանդեպ պարտավորություններն աճել են 9.8%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 90 մլրդ.դրամ կամ 244.3 մլն.դոլար, այլ պարտավորությունները կրճատվել են 6.9%, կազմելով 40.9 մլրդ.դրամ կամ 111.3 մլն.դոլար, վճարման ենթակա տոկոսները 9.4% անկում են ունեցել, կազմելով 10.1 մլրդ.դրամ կամ 27.5 մլն.դոլար: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությւոնների հանդեպ պարտավորությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 0.2%, կազմելով 298.7 մլրդ.դրամ կամ 813 մլն.դոլար, որի 9.8 մլրդ.դրամը (26.7 մլն.դոլար) լորո-հաշիվներով պարտավորություններն են: