Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2010 19:00
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2010թ. երկրորդ եռամսյակում կրճատվել են 4.1% կազմելով 2.9 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2010թ. երկրորդ եռամսյակում կրճատվել են 4.1%, իսկ տարվա կտրվածքով աճել են 21%, հունիսի 30-ի դրությամբ կազմելով 1.066 տրլն.դրամ կամ 2.9 մլրդ.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2010 թվականի երկրորդ եռամսյակում անկում է արձանագրվել ժամկետային ավանդների գծով` 6.2%, ցպահանջ պարտավորությունների գծով` 10%, բանկային թղթակցային հաշիվներով (լորո)` 7.8%, այլ բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ավանդների ու վարկերի գծով` 0.01%: Տարվա կտրվածքով ժամկետային ավանդներն աճել են 30.3%, ցպահանջ պարտավորությունները` 23.7%, այլ բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ավանդների ու վարկերի գծով` 47.3%, իսկ լորո-հաշիվների միջոցները` 9.3%: 21 բանկերից ցպահանջ պարտավորությունների եռամսյակային անկում են արձանագրել 14 բանկեր, ժամկետային ավանդների եռամսյակային անկում` 15 բանկեր, իսկ ցպահանջ պարտավորությունների տարեկան անկում` 5 բանկեր և ժամկետային ավանդների անկում` 4 բանկեր: Տեղին է նշել, որ 2009 թվականի հունիսից ստացվեցին ՀԲ և ռուսական վարկի միջոցները, որոնց մի մասն ուղղվեցին Հայաստանի ՓՄՁ վարկավորմանը, ընդ որում, նշված միջոցները բանկերն ստացան ԿԲ-ից ու Կառավարությունից` ՀՀ դրամով:
Ընդհանուր պարտավորությունների կազմում ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռով 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ առաջատարը HSBC Բանկ Հայաստանն է` 57.4%, իսկ ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային ավանդներով` առաջատարը Յունիբանկն է` 67.7%:
2010 թվականի երկրորդ եռամսյակում ցպահանջ պարտավորությունների անկում է արձանագրվել 14 բանկերում, իսկ տարվա կտրվածքով` 5 բանկերում: Եռամսյակային ամենամեծ անկումն արձանագրվել է` Պրոմեթեյ Բանկում` 49.1%, իսկ տարեկան անկումը` Արմսվիսբանկում` 78.6%: Իսկ այս ցուցանիշի եռամսյակային և տարեկան ամենամեծ աճն արձանագրվել է Byblos Bank Armenia բանկում` մոտ 3 անգամ: Ցպահանջ պարտավորություններով առաջատարների եռյակն ունի հետևյալ տեսքը` HSBC Բանկ Հայաստան` 62 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկ` 28.1 մլրդ.դրամ և Կոնվերս Բանկ` 27.4 մլրդ.դրամ:
2010 թվականի երկրորդ եռամսյակում ժամկետային ավանդների անկում է գրանցվել է 15 բանկերում, իսկ տարեկան անկում` 4 բանկերում: Եռամսյակային և տարեկան ամենամեծ աճն արձանագրվել է Կոնվերս Բանկի մոտ` 20-36%, իսկ ամենամեծ եռամսյակային աճը` Byblos Bank Armenia-ի մոտ` 21% և ամենամեծ տարեկան աճը` Հայբիզնեսբանկի մոտ` մոտ 3 անգամ: Ժամկետային ավանդների գծով առաջատարների հնգյակն ունի հետևյալ տեսքը` Յունիբանկ` 62.8 մլրդ.դրամ, Ամերիաբանկ` 50.4 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկ` 39.6 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստան` 38.6 մլրդ.դրամ, և ACBA-Credit Agricole Bank` 38.5 մլրդ.դրամ, որոնց բաժինը Հայաստանի բանկային համակարգի ավանդների ընդհանուր կազմում հասնում է 54%: Ընդ որում, Յունիբանկի, Արդշինինվեստբանկի, HSBC Բանկ Հայաստանի և ACBA-Credit Agricole Բանկի ավանդների կազմում մեծ մաս կազմում են ֆիզիկական անձանց ավանդները, իսկ Ամերիաբանկի ավանդների կազմում` իրավաբանական անձանց ավանդները: