Երկուշաբթի, 30 Օգոստոսի 2010 13:49
IFC նախատեսում է ընդլայնել համագործակցության շրջանակները
ԱրմԻնֆո. Օգոստոսի 26-ին Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը IFC-ի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Ամերիաբանկ և հանդիպել Բանկի ղեկավարության հետ:
Ինչպօես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամւլի ծառայությունից, Թանելը այցելել է Ամերիաբանկ` նպատակ ունենալով ծանոթանալ IFC-ի կողմից Ամերիաբանկին տրամադրված միջոցների օգտագործման ուղղություններին, այդ միջոցների շնորհիվ հաճախորդների կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև IFC-ի և Ամերիաբանկի հետագա անելիքներին:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ Ամերիաբանկը հաջողությամբ և բավականին կարճ ժամկետներում է օգտագործել IFC-ի կողմից տրամադրված միջոցները: Նշենք, որ IFC-ն Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք` միջազգային առևտրի ֆինանսավորման համար և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` փոքր հիդրոէլեկտրակայաների կառուցման համար: Առևտրի ֆինանսավորման երաշխիքը Բանկին հնարավորություն է ընձեռել ընդլայնել իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքները Հայաստանում: Ամերիաբանկը միացել է IFC-ի ՙՀամաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին՚ որպես թողարկող բանկ և ստացել 100 տոկոս երաշխիք իր հաճախորդների ներկրման և արտահանման գործառնությունների համար, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները: Բանկը ստացել է նաև ծրագրում մասնակցող ավելի քան 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն:
Կարևորելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը տնտեսության համար` Ամերիաբանկն ակտիվորեն հանդես է գալիս այդ ոլորտի ֆինանսավորման տարբեր ծրագրերով:
Միաժամանակ, IFC-ից ստացված 15 միլիոն դոլարի վարկը Ամերիաբանկին հնարավորություն է տվել տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի թվով 8 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 26.08 ՄՎտ, իսկ կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրանքը` 80.6 մլն ԿՎՏժ:
Փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն օգնում է մեծացնել Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնել էլեկտրամատակարարման աղբյուրները, կրճատել ածխաթթու գազի արտանետումները և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից: Հանդիպման մասնակիցները դիտել են նաև տեսաֆիլմ ՙՋերմուկ-2՚ փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որի նախագծային արժեքի գերակշիռ մասը ֆինանսավորվում է Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին՝ IFC-ի կողմից տրամադրված վարկի շրջանակներում: Ակնկալվում է, որ այսուհետ կընդլայնվի IFC-ի և Ամերիաբանկի համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա բարգավաճման:
Ամերիաբանկը Հայաստանի ամենադինամիկ բանկերից մեկն է և դասվում է երկրում ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքում: Այն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում և 2007 թվականից ի վեր տրամադրում է բանկային ոլորտում նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը հիմնականում կենտրոնանում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեության վրա: Ամերիաբանկը պատկանում է ռուսական առաջատար ներդրումային բանկային “Տրոյկա Դիալոգ” խմբի հետ փոխկապակցված ՙTDA հոլդինգզ լիմիթիդ՚ (TDA Holdings Limited) ներդրումային ընկերությանը: