Չորեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2010 17:56
Ավտովարկավորման հեռանկարները Հայաստանում
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ մանրածախ վարկավորման բաժնի ղեկավար Ռոման Գործակալյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը
Պրն.Գործակալյան, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ավտավարկավորման շուկայում միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ինչպե՞ս են գործերն այսօր այդ հատվածում: Ավտովարկավորման ինչպիսի՞ պորտֆել է ձևավորել Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, և ինչպիսի՞ն է ընթացիկ տարվա դինամիկան: Ինչքանո՞վ են այսօր պահանջված ավտովարկերը, այդ թվում, և առաջնային, և երկրորդային շուկայում:
Հայաստանի ավտովարկավորման շուկան ծնունդ է առել վերջերս, համարյա սպառողական վարկավորման զարգացման հետ միասին և այս տարիներին ձևափոխվում էր ոչ միայն քանակապես, այլ նաև որակապես: Շուկայի հիմնական գագաթնակետը 2005-2006 թվականներն էին, երբ Հայաստանի բանկային ավտովարկավորման շուկան ապահովեց 83.5% տարեկան աճ: AmRating-ի տվյալներով, 2006 թվականի սկզբին Առէկսիմբանկը գտնվում էր Հայաստանի ավտովարկավորման բանկերի եռյակում, բանկի վարկային պորտֆելի 12%-ը կազմում էին ավտովարկերը: 2007 թվականին, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցավ որոշակի անկում, իսկ 2008 և 2009 թվականներին Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ իր վրա զգաց ճգնաժամի բացասական ազդեցությունը, նկատելիորեն նվազեցին մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը, ինչն ավելի ուժգնացրեց տնտեսությունում առկա անորոշությունը: Իսկ ավտոշուկայում տեղի ունեցավ հետևյալը, առաջինը, պահանջարկը սկսեց զգալիորեն ետ մնալ առաջարկից, և երկրորդ, շատ գնորդներ սխալ էին հաշվարկել ավելի բարձր դասի ավտոմեքենաներ ձեռք բերելու ցանկություններն ու դրա դիմաց վճարելու իրենց հնարավորությունները: Այստեղ նույնպես ճշգրտումներ մտցրեց ճգնաժամը: Բանկերը զգալիորեն նվազեցրին ավտովարկավորման տեմպերը, իսկ որոշ բանկեր անգամ կանգնեցրին այդ գործընթացը: Առէկսիմբանկը բացառություն չկազմեց, սակայն տեղին է նշել, որ այդ ժամանակ բանկը ձեռք բերեց նոր բաժնետեր (ռուսական Գազպրոմբանկը), որը բանկի քաղաքականությունը որոշակիորեն ճշգրտեց դեպի խոշոր կորպորատիվ հաճախորդները, որոնց միջուկը կազմում են երկրի էներգետիկ խոշոր ձեռնարկությունները: Իսկ մենք մանրածախ բիզնեսից չէնք էլ հրաժարվել, ավելին վերջին ամիսներին երկու անգամ նվազեցրել ենք մանրածախ վարկավորման, ինչպես նաև ավտովարկավորման տոկոսադրույքները:
Ի՞նչ պայմաններով է բանկը տրամադրում ավտովարկերը:
Վարկերը տրամադրվում են առաջնային և երկրորդային շուկայից ավտոմեքենաներ գնելու նպատակով: Ռուսական արտադրության 3 տարուց պակաս տարիք ունեցող ավտոմեքենաների վարկավորման տոկոսադրույքները կազմում են տարեկան 17-20%: Նույն տոկոսադրույքներն են գործում նաև արտասահմանյան արտադրության 7 տարուց պակաս տարիք ունեցող ավտոմեքենաների համար: Ավտոսրահներից նոր ավտոմեքենաներ ձեռք բերել ցանկացող վարկառուներին մենք առաջարկում ենք հետևյալ պայմանները: Բանկը վարկավորում է ավտոմեքենայի արժեքի 70%-ը (ինչպես ռուսական, այնպես էի արտասահմանյան), մարման ժամկետը կազմում է 3-36 ամիս, իսկ տոկոսադրույքը` տարեկան 16%:
Բայց կան բանկեր, որոնք ավելի հարմար պայմաններ են առաջարկում
Հարմար պայմաններ նախկինում էլ էին առաջարկվում, որից հետո այդ բանկերը բախվեցին հաճախորդների հետ կապված մի շարք լուրջ պրոբլեմների: Երբ բանկն առաջարկում է, օրինակ, տարեկան 8-10% տոկոսադրույք, միևնույնն է, հաճախորդի համար նոր ավտոմեքենայի համար տոկոսադրույքները կազմում են 15-16%: Պետք չէ մոռանալ, որ «բանկ-հաճախորդ» հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետ հիմքերի վրա, այսինքն, բանկն ինչ-որ ձևով պետք է ծածկի իր ռիսկերը: Հավատացեք, այն ինչ մենք առաջարկում ենք այսօր` դրանք ավտովարկավորման իրական տոկոսադրույքներ են: 2010 թվականի առաջին կիսամյակի վերջին բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմեց 2 մլրդ.194 մլն.810 հազ.դրամ, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է այն ավելացնել 15%-ով: Դա շատ չէ: Ավտովարկավորման ոլորտում մեր զգուշությունը հիմնականում պայմանավորված է պարտադիր ապահովագրության աբացակալությունով, ինչպես նաև գրավադրված ավտոմեքենայի հետագա իրացման հետ կապված պրոբլեմներով: ԱՊՊԱ մասին Օրենքի ընդունումից հետո, 2011 թվականին այդ մեխանիզմը կսկսի գործել, այնժամ հաճախորդները, կարծում եմ, իրոք կզգան սակագների տարբերությունները:
Ավտովարկավորման գործընթացում բանկը ո՞ր ապահովագրական ընկերությունների հետ է համագործակցում:
Ապահովագրական ընկերությունները հանդիսանում են ավտովարկավորման շուկայի կարևորագույն բաղադրիչը: Ավտոմեքենաների ապահովագրությունը, հիմնականում, պարտադիր պահանջ է, որը բանկերը ներկայացնում են ավտովարկավորման ժամանակ: Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը գործնականում աշխատում է Հայաստանի բոլոր խոշոր ապահովագրողների հետ: Այստեղ կարևոր է նշել այն, որ ապահովագրական ընկերությոունները միշտ չէ որ ցանկանում են ապահովագրել տրանսպորտային միջոցը: Օրինակ, Տաքսի ծառայությունների և արտասահմանցիներին վարձակալությամբ տրամադրվող կազմակերպությունների ավտոմեքենաներն ապահովագրելը բավականին ռիսկային է: Թե մեկ, և թե մյուս դեպքերում էլ ապահովագրել չցանկանալու հիմնական պատճառը կայանում է ավտոմեքենաների արագ մաշվածության մեջ, չնայած, որ այդ երկու բիզնեսներն էլ հեռանկարային են:
Պրն.Գործակալյան, բանկն աշխատո՞ւմ է արդյոք ավտոդիլերների հետ և հիմնականում ինչպիսի՞ ավտոմեքենաներ են գնում Ձեր հաճախորդները:
Մենք աշխատում ենք «Արմենիա-Լադա» և Kis-Motors ընկերությունների հետ: Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա վերջին շրջանում սպառողներն սկսել են գնել ավելի թանկ ավտոմեքենաներ:
Հայաստանում, ինչպես նաև մի շարք երկրներում, վաճառքի ծավալներով առաջատարների հնգյակում ճապոնական ավտոմեքենաներն են: Հաշվի առնելով երկրի աշխարհագրական առանձնահատկությունները և ճանապարհային պայմանները, Հայաստանում մեծ մասսայականություն են վայելում «ամենագնացները»: Ընդհանրապես, վերջին տարիներին Հայաստանի ավտոմեքենաների պարկը զգալիորեն «երիտասարդացել է», իսկ այդ միտումը, կարծում եմ, կշարունակվի: Չնայած, որ շուկայում, ցածր գների և Խորհրդային ժամանակներից բաժին հասած ավանդույթների պատճառով, դեռևս զգայի մաս են կազմում ռուսական արտադրության ավտոմեքենաները, սակայն դրանք արդեն սկսում են զիջել «ինոմարկաներին», հատկապես, ոչ թանկ ավտոմեքենաների հատվածում: Երբ ռուսական նոր ավտոմեքենայի և արտասահմանյան ավտոմեքենայի գների տարբերությունը կրճատվում է մինչև 20%, ապա գնորդներն արդեն սկսում են մտորել և առավելությունը տալիս են արտասահմանյան ավտոմեքենաներին, մանավանդ, որ գործում է ավտովարկավորման մեխանիզմը: Փորձագետները գտնում են, որ հին ավտոմեքենաների բաժինը գնալով կկրճատվի, իսկ ավելի թարմ և թանկարժեք ավտոմեքենաների բաժինը` կմեծանա:
Ի՞նչ աղբյուրներից է բանկը վերցնում ավտովարկավորման միջոցները:
Սեփական ռեսուրսներից: Բանկը ֆոնդավորման և միջոցների ներգրավման խնդիրներ չունի:
Արթուր Ասլանյան
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ