Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2010 14:47
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ EBRD ստորագրել են փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման 5 մլն.դոլարի նոր վարկային պայմանագիր
ԱրմԻնֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը ստորագրել են նոր վարկային պայմանագիր, որի արդյունքում 5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Ինչպեա ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից, վարկային պայմամագիր ստորագրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
ՙՄենք թանկ ենք գնահատում ինչպես մեր հարաբերությունները, այնպես էլ մեր համագործակցությունը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ: Այն արդեն ձեռք է բերել լուրջ գործընկերային բնույթ, վերածվել է կայուն, զարգացող, ինստիտուցիոնալ համագործակցության, որը ես համարում եմ մեծ կապիտալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար: Միասնական եւ համագործակցված աշխատանքի արդյունքում մենք ձեռք ենք բերել ոչ միայն միջազգային չափորոշիչներին համապատասխանող բանկային տեխնոլոգիաներ, կառավարման համակարգեր, այլեւ կուտակել ենք մեծ փորձ, որը ծառայում է ի շահ մեր հաճախորդների եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հեղինակության ու վստահության: Ես համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր գործակցությունը` ունենալու համար նոր եւ կայուն զարգացման էլ ավելի լայն հորիզոններ՚,-նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Աղբյուրի համաձայն, նոր վարկային պայմանագրի կնքումը կողմերի միջև ձևավորված երկարաժամկետ համագործակցության բնականոն շարունակությունն էր, որը սկսվել է դեռևս 2008թ. սկզբից: 2008 թվականի հունվարին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրել են առաջին վարկային պայմանագիրը, որով առաջին 5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվեց փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը եւ 1 միլիոն ԱՄՆ դոլար` միջազգային առեւտրի խթանմանը: Հաջողությամբ իրականացված բիզնես վարկավորումը խթան հանդիսացավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի հետագա համագործակցության:
2008 թվականի հոկտեմբերին ստորագրվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, որը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործունեության, իրականացրած ծրագրերի, արձանագրած ցուցանիշների, ռազմավարական զարգացման ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ քաղաքականության, հասարակական վստահության եւ մենեջմենթին տրված գնահատական էր:
Այնուհետև ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ աննախադեպ մարման ժամկետով կնքված 4 միլիոն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման պայմանագիրն էր, որը որակական նոր հարթություն է տեղափոխում մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի վարկավորման զարգացումները Հայաստանում: