Երկուշաբթի, 25 Հոկտեմբերի 2010 15:39
EBRD-ն ACBA-Credit Agricole բանկին տրամադրել է 12 մլն.դոլարի սինթետիկ վարկ
ԱրմԻնֆո. Հայաստանի մասնավոր հատվածի համար տեղական արժույթով ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը բարձրացնելու նպատակով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) որոշում է կայացրել հայկական ACBA-Credit Agricole բանկին 12 մլն.դոլարին համարժեք գումարի սինթետիկ վարկ տրամադրելու մասին: Այս մասին տեղեկացրել են EBRD մամուլի ծառայությունից: Ռեսուրսները կուղղվեն միկրո, փոքր և միջին բիզնեսին:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարկի սինթետիկ կառուցվածքով ֆինանսավորումն EBRD-ն ապահովում է ԱՄՆ դոլարով, իսկ ACBA-Credit Agricole բանկի պարտավորությունները հաշվարկվում են հայկական դրամով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ սինթետիկ փոխառությունը եկամտաբեր գործիք է, որը փոխառու-բանկին տալիս է իր արժութային ռիսկերը կառավարելու հնարավորություն, մեծացնել տեղական արժույթով վարկավորման հնարավորությունները, ընդլայնել դրամով արտահայտված վարկային պորտֆելը: Դա առանձնապես կարևոր է գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման համար, որտեղ տեղական ընկերություններն իրենց եկամուտներն աշխատում են տեղական արժույթով:
Ըստ վարկային պայմանագրի կառուցվածքի, ընդհանուր գումարի 3 մլն.դոլարը կկառավարվի Dexia միկրովարկային հիմնադրամի կոնսորցիումում, որին էլկառավարում է շվեցարական առաջատար ներդրումային BlueOrchard ընկերությունը:
ՙՄենք ուրախ ենք ACBA-Credit Agricole մեր համագործակցություն շարունակելու համար: Այս գործարքի շնորհիվ EBRD կամրացնի Հայաստանի փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցելու իր պարտավորությունները, այն ժամանակ, երբ երկրում ֆինանսական ռեսուրսների նկատմամբ մատչլիությունը սահմանափակ է՚,-ասել է Հենրի Ռասսելը (Henry Russell), փոքր բիզնեսի ֆինանսավորման գծով EBRD տնօրենը: ՙՍա տեղական արժույթով առաջին վարկն է մեր Բանկին, և մենք վստահ ենք, որ այս նոր գործիքը կընդլայնի մեր վարկային պորտֆելի դրամային բաղադրիչը, դրանով իսկ մեծացնելով ՓՄՁ ֆինանսավորելու մեր հնարավորությունները: Բանկը կֆինանսավորի տեղական ընկերություններին, որոնց դրամական հոսքերը հիմնականում արտահայտված են տեղական արժույթով, ինչը նրանց թույլ կտա մեղմել արժութային ռիսկերը՚,-ասել է ACBA-Credit Agricole բանկի Վարչության նախագահ Ստեփան Գիշյանը:
EBRD և ACBA-Credit Agricole բանկն ունեն համատեղ աշխատանքի մեծ փորձ: Նախկինում EBRD տարբեր ծրագրերի իրականացման համար Բանկին տրամադրել էր 27մլն.դոլար ընդհանուր գումարով վարկ:
Այս նախագիծը EBRD երկրորդ սինթետիկ վարկն է Հայաստանում: 2010 թվականի մարտին Եվրոբանկը 10 մլն.դոլարի սենթետիկ վարկ տրամադրեց Byblos Բանկին`մասնավոր բիզնեսի ֆինանսավորման համար: Սկսած 1992 թվականից, EBRD Հայաստանում ներդրել է ավելի քան 420 մլն.եվրո, ֆինանսների, էներգետիկայի, կորպորատիվ բիզնեսի և ենթակառույցների 82 նախագծերում: Միջոցների 96% ներդրվել է մասնավոր բիզնեսում: EBRD երևանյան գրասենյակի կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված վերջին տեղեկություններով, ներկայումս EBRD Հայաստանում ունի 15 գործող պայմանագրեր: Ընթացիկ տարում ներդրումների ընդհանուր ծավալներն ուղղվել են բանկային հատվածին, մասնավորապես, հայկական բանկերի միջոցող EBRD արդեն ՓՄՁ ոլորտում տեղաբաշխել է 20 մլն.եվրո, իսկ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 30 մլն.եվրոյի: