Շաբաթ, 20 Նոյեմբերի 2010 13:13
Սպառողական վարկավորման շուկան ակտիվանում է
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկի Վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը
Նախորդ տարի սպառողական վարկավորման շուկայում տիրող պասիվությունն ընթացիկ տարում թեքվել է դեպի ակտիվության կողմը: Ինչպեսի՞ն են սպառողական վարկավորման տեմպերը Հայէկոնոմբանկում:
Սպառողական վարկավորման շուկայում, իրոք, նկատվում է որոշակի ակտիվություն և Հայէկոնոմբանկի վարկավորման աճի տեմպերը շուկայի այդ հատվածում համապատասխանում են աճող պահանջարկին:
Սպառողական վարկավորման ի՞նչ տեսակներ է տրամադրում Հայէկոնմբանկը և ինչպիսի՞ն է դրանց տեսակարար կշիռը վարկային պորռֆելում: Ինչպե՞ս կգնահատեիք բանկի վարկային պորտֆելի որակը:
Բանկի սպառողական վարկավորման պորտֆելում հիմնական բաժինը կազմում է հիպոթեկը` մոտ 12%: Մնացած տեսակների բաժինը մի փոքր ցածր է և կազմում է մոտ 11%: Մենք որոշակի ակտիվություն ենք պլանավորում ավտովարկավորման շուկայում, ինչը, անկասկած, կավելացնի մեր բանկի ազդեցությունը սպառողական վարկավորման շուկայի զարգացման վրա: Չնայած այն բանին, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն ամենաշատը խփեց սպառողակամ վարկավորման շուկային, մեր պորտֆելի որակը շարունակում է մնալ բարձր:
Ինչպիսի՞ն է այսօր Հայէկոնոմբանկի ավտովարկավորման պորտֆելը: Ինչպիսի՞ պայմաններով է բանկը տրամադրում այդ վարկերը: Ինչքանո՞վ են դրանք պահանջված:
Բանկի վարկային պորտֆելում ավտովարկավորման բաժինը կազմում է 4%: Հայէկոնոմբանկն աշխատում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում: Ավտովարկերը տրամադրվում են տարեկան 14% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով: Ավտովարկերի պահանջարկն անշեղորեն աճում է:
Ինչպե՞ս եք գնահատում հիպոթեկային շուկայում տիրող իրավիճակը: Ի՞նչ պայմաններով է բանկը տրամադրում հիպոթեկային վարկերը: Հիպոթեկային ի՞նչ պրտֆել է ձևավրել բանկը և ի՞նչ կասեք դրա որակի մասին:
Ընթացիկ տարվա երկրորդ կիսակյակում հիպոթեկային շուկայում նկատվող որոշակի ակտիվությունը պայմանավորված է, հիմնականում, բնակարանների գների իջեցումով: Հայէկոնոմբանկը հիպոթեկային վարկեր է տրամադրում ինչպես միջազգային ծրագրերով, այնպես էլ վերաֆինանսավորման մեխանիզմով: Տոկոսադրույքը կազմում է տարեկան 10.5%, իսկ ժամկետը` մինչև 15 տարի:
Ի տարբերություն այլ բանկերի, Հայէկոնոմբանկը հանդիսանում է 14 միջազգային վարկային ծրագրերի մասնակից: Այդ առումով կուզենայի իմանալ այդ ծրագրերով տեղաբաշխված միջոցների բաժինը բանկի վարկային պորտֆելում:
2010 թվականի նոյեմբերի 1-ին բանկի վարկային պորտֆելում միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում իրացված վարկերի բաժինը կազմել է մոտ 50%: Հայէկոնոմբանկը հանդիսանում է ՀԲ, EBRD, KfW, CAF, IFC, Commerzbank, Atlantic Forfeiterungs AG ծրագրրի անդամ, որոնց շրջանակներում իրականացվում է ՓՄՁ ֆինանսավորումը, միջին և խոշոր բիզնեսի համաֆինանսավորումը, առևտրի ֆինանսավորումը, հիպոթեկային վարկավորումը: Ընդ որում, ծրագրերի մեծ մասը, որոնցում ընդգրկված է Հայէկոնոմբանկը, ուղղված է ՓՄՁ վարկավորմանը:
Հունիսին Հայէկոբոմբանկը պայմանագիր ստորագրեց EBRD հետ` երկրորդ սինդիկացված վարկի ստացման մասին, 10 մլն.դոլար գումարով, որը նախատսված էր ՓՄՁ ֆինանսավորմանը: Այդ միջոցների ո՞ր մասն է արդեն իրացվել բանկի կողմից և տնտեսության որ ոլորտներում են տեղաբաշխվել այդ վարկերը: Ի՞նչ պայմաններով է իրականացվում վարկավորումը սինդիկացված վարկի շրջանակներում:
Երկրորդ սինդիկացված վարկի միջոցներից, որի ռեսուրսներն ուղղվում են ՓՄՁ ֆինանսավորմանը, 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ արդեն իրացվել է 70%-ը: Սա լավ արդյունք է, հաշվի առնելով այն փաստը, որ այդ միջոցները բանկն ստացել էր այս տարվա օգոստոսին: Ծրագրի շրջանակներում վարկերը հիմնականում տեղաբաշխվել են մանրածախ և մեծածախ առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների, տրանսպորտի և կապի ոլորտնրում: Վարկերը, կախված փոխառուի գործունեության ոլորտից և ֆինանսական վերլուծության արդյունքներից, տրամադրվում են ԱՄՆ դոլարով` տարեկան 13% տոկոսադրույքով և ՀՀ դրամով` տարեկան 14% տոկոսադրույքով: Վարկի առավելագույն չափը կազմում է 500 հազ.դոլար կամ դրան համարժեք դրամ: Կուզենայի հիշեցնել, որ EBRD հետ ՓՄՁ ֆինանսավորման նպատակով 15 մլն.դոլար սինդիկացված վարկի ստացման առաջին պայմանագիրը ստորագրվել էր 2007 թվականի դեկտեմբերին: Առաջին սինդիկացված վարկի տրամադրմանը EBRD-ից բացի մասնակցել են 6 համաշխարհային խոշորագույն բանկեր` գերմանական Commerzbank AG, ավստրիական Raiffeisen Zentralbank Osterreich AG և Bank Austria Creditanstalt AG, հնդկական State Bank of India, տայվանյան Land Bank of Taiwan և անգլիական FBN bank (UK) Limited:
Տոկոսադրույքների ինչպիսի՞ կանխատեսումներ կարող եք տալ 2010-2011 թվականների վարկային շուկայի համար:
Վարկային շուկայում առաջարկների արտակարգ խտության և մրցակցության աճի պայմաններում տոկոսադրույքները կիջնեն, սակայն դրա համար պահանջվում է նաև ավանդների տոկոսադրույքների իջեցում: Իմ կարծիքով, այդ իջեցումը կլինի հանդարտ:
Ինչքանո՞վ կմեծանա բանկի վարկային պորտֆելն ընթացիկ տարում, ինչպես նաև 2011 թվականին
Մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ բանկի վարկային պորտֆելը կաճի մոտ 5%, իսկ 2011 թվականին ակնկալվում է 15% աճ: 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր վարկային ներդրումներն անցել են 27 մլրդ.դրամից, կազմելով ակտիվների 53%-ը: Վարկային պորտֆելի կազմում առևտրի ոլորտը կազմում է 25%, արդյունաբերության ոլորտը` ավելի քան 16%, գյուղվարկավորման ոլորտը` ավելի քան 11%, հասարակական սննդի և սպասարկման ոլորտները` մոտ 10%: Ընդ որում, գյուղատնտեսության վարկավորման ծավալներով բանկը գտնվում է երկրի բանկային համակարգի առաջատարների եռյակում: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի բաժինն անցել է 13%-ից և դա հիմնականում հիպոթեկն է, որով բանկը գտնվում է երկրի առաջատար բանկերի տասնյակում:
Ասլանյան Արթուր