Երկուշաբթի, 10 Հունվարի 2011 11:59
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները ԱՊՊԱ գծով ապահովագրված վարորդների նկատմամբ
Արմինֆո. Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները ԱՊՊԱ գծով ապահովագրված վարորդների նկատմամբ:
Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել վարորդների իրավունքների պաշտպանության ՙԱքիլես՚ հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Մասնավորապես, ավտոմեքենան տուգանային կայանատեղիից ետ ստանալու դիմաց Ոստիկանությունը որոշակի տուգանք է պահանջում վճարել: Սակայն, հիշեցնում է Է.Հովհաննիսյանը, համաձայն համապատասխան օրենսդրության, ավտոմեքենան կարող է առաջին 5 օրերին ստիկանությունում գտնվել անվճար:
ՙՄիայն 6-րդ օրից ոստիկանությունն իրավունք ունի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձել 500 դրամ տուգանք՚,-պարզաբանել է նա:
Վարորդների գլխավոր պաշտպանը նշել է նաև, որ Հայաստանի Ճանապարհային Ոստիկանությունը պատահարի վայր է ժամանում ուշացումով, իսկ որոշ դեպքերում էլ Ոստիկանության աշխատակիցներին սպասելը դառնում է անօգուտ:
Ի դեպ, ԱՊՊԱ մասին օրենքն ուժի մեջ մտնելուց սեռ շատ առաջ ապահովագրական շուկայի շատ փորձագետներ, մեկնաբանելով ԱՊՊԱ ներդրման գործընթացում ենթակառույցների ներգրավման պատրաստվածությունը, հայտարարում էին, որ Ճանապարհային Ոստիկանության գործունեությունը լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ ԱՊՊԱ շրջանակներում վարորդներին սպասարկելու հարցում: Մինչ ԱՊՊԱ ներդրումն էլ, Ճանապարհային Ոստիկանության հետաքննչական բաժնի թվով 10 աշխատակիցները չէին հասցնում սպասարկել օրական 7-12 ԱՃՊ : Նրանք, որպես կանոն, պատահարի վայր էին ժամանում շատ մեծ ուշացումով: Ստացվում է, որ շուկայի շատ փորձագետների անհանգստություններն արդարացի էին: