Երկուշաբթի, 7 Փետրվարի 2011 18:38
ՀՀ ԿԲ մտադիր է հետևել տնտեսության ապադոլարիզացման քաղաքականությանը
Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը, մասնավորապես, դրամավարկային պայմանների խստացումը և տնտեսության ապադոլարիզացմանը նպատակաուղղված միջոցները թույլ կտան հիմք ստեղծել ազգային արժույթի կայուն փոխարժեքի ձևավորման համար, այսօր մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավար Արթուր Սստեփանյանը: Նա, փաստորեն, ներկայացրել է անցած ուրբաթ հրապարակված ԿԲ 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
Մեկնաբանելով Կենտրոնական բանկի միջամտությունը արժութային շուկայում փոխարժեքի ձևավորման գործընթացին` Ա.Ստեփանյանը նշել է, որ ԿԲ գործողությունները, մասնավորապես, նրա կողմից իրականացվող արժութային ներխուժումները նպատակաուղղված են բացառապես փոխարժեքային կտրուկ տատանումների հարթմանը և կրում են սեզոնային բնույթ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին Հայաստանի տնտեսության դոլարիզացման մակարդակը նոյեմբերի համեմատությամբ նվազել է ընդամենը 0,6 տոկոսով, ինչը պայմանավորված է դրամային ավանդների 5 տոկոս և արտարժութային ավանդների 4 տոկոս կամ 3,7 տոկոս աճով` բացառելով դրամի արժեվորման ազդեցությունը: Դեկտեմբերին 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ դրամային ավանդներն ավելացել են 23,7 տոկոսով, իսկ արտարժութային ավանդները` 2,7 տոկոսով կամ 7,7 տոկոսով, բացառելով դրամի արժեվորման ազդեցությունը, ինչի պատճառով դոլարիզացման մակարդակը նվազել է 4,6 տոկոսով: Նշենք, որ 2009 թվականի մարտի արժութային ցնցումից հետո արտարժութային ավանդների մակարդակը բարձրացավ մինչև 70 տոկոսո, սակայն արդեն 2010 թվականի ամռանն այն նվազեց մինչև 45 տոկոս: Մինչդեռ ԿԲ մնում է ամենաակտիվ խաղացողներից մեկն արժութային շուկայում: NASDAQ-OMX (Armenia) բորսայի արժութային հարթակում իրավիճակը գնահատող փորձագետների տվյալներով, ամեն ամիս բորսայում անցկացվում են միջին հաշվով 60-70 մլն դոլարի գործարքներ, որոնց ծավալի ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում ՀՀ ԿԲ-ին: