Հինգշաբթի, 17 Փետրվարի 2011 11:08
Փորձագետ. Դասական ԲԲԸ-ների ստեղծումը Հայաստանում անհնար է
Արմինֆo. Դասական բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումը Հայաստանում, գործնականում, անհնար է, քանի որ Հայաստանում գործող ոչ մի տնտեսվարող սուբյեկտ պատրաստ չէ իր բիզնեսին ներգրավել այլ բաժնետերերի: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել տնտեսագիտական գիտությունների թեկնածու, կառավարության ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը, մեկնաբանելով արժեթղթերի հայրենական շուկայում տիրող ստագնացիոն իրավիճակը:
Փորձագետը հավելել է, որ երկրում բաց ընկերությունների բացակայությունը հարցականի տակ է դնում Հայաստանում դասական բորսաների ստեղծումը: ՙՄեր երկրում գործնականում չկան իրենց ձևով դասական, իսկ իրենց էությամբ բաց բաժնտիրական ընկերություններ: ԲԲԸ-ի ետևում թաքնված է այս կամ այն իրավաբանական անձի ռազմավարական սեփականատերը: Նման պայմաններում Հայաստանում չի կարող լինել նաև դասական ֆոնդային բորսա՚: Փորձագետը հիշեցրել է, որ ֆոնդային շուկան ենթադրում է արժեթղթերի բաց և ազատ շրջանառություն, ինչը ենթադրում է դրանք վաճառելու, գնելու, ինչպես նաև ինքնուրույն վճարային գործիք հանդիսանալու հնարավորությունը:
Մեկնաբանելով բորսայում իրականացվող գործարքների բնույթը, Մեսրոբյանը նկատել է, որ արժեթղթերով գործարքների գերակշռող մասն իրականացվում է կողմերի անձնական պայմանավորվածությունների միջոցով: