Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 11:57
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելը հասել է 40 մլն.դոլարի
Արմինֆո. Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելը հասել է 40 մլն.դոլարի, ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկն ի շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Բանկն այս նպատակով հաստատել է ընդհանուր գումարով շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և օտարերկրյա առաջատար բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank և այլն:
Վերջերս Ամերիաբանկը ամերիկյան Citibank-ից և եվրոպական խոշորագույն BNP Paribas բանկից ստացել է ընդհանուր գումարով 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ` առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար, ինչը մեծապես կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները: Իսկ օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով Citibank-ն Ամերիաբանկին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: