Չորեքշաբթի, 9 Մարտի 2011 23:07
2011 թվականին ԻՆԳՈ Արմենիան նախատեսում է ապահովագրել ևս 80-90 հազար ավտոմեքենա
Արմինֆո. 2011 թվականին ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը նախատեսում է ապահովագրել ևս 80-90 հազար ավտոմեքենա, ընդ որում, ընկերությունը 25-30%-ով մտադիր է ավելացնել կամավոր ապահովագրության պայմանագրերի թիվը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:
Ապահովագրողը նկատել է, որ ներկայումս, համաձայն ԻՆԳՈ Արմենիայի ռազմավարական պլանի, ընկերության ապահովագրական պորտֆելի կազմում 49.5% կազմում են պարտադիր ապահովագրության պայմանագրերը, իսկ մնացած 51.5%` ապահովագրության կամավոր տեսակները, մասնավորապես, ավտոկասկո-ն, բժշկական և գույքային ապահովագրությունները: Լ.Ալթունյանի խոսքերով, ընկերությունն այս հարաբերակցությունը կպահպանի նաև հետագայում, միմյանց զուգահեռ զարգացնելով ապահովագրության կամավոր և պարտադիր տեսակները: ԱՊՊԱ գծով ընկերությունն արդեն կնքել է մոտ 62 հազար պայմանագրեր, ինչը կազմում է երկրի ավտոմոբիլայն պարկի մոտ 18%-ը: Նշված ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է շուրջ 400 ապահովագրական պատահար, հատուցելով ԱՊՊԱ շրջանակներում հավաքագրված ապահովագրական պրեմիաների մոտ 15%-ի չափով գումար:
Վերլուծելով ընկերության 2010 թվականի գործունեության արդյունքները, նա նկատել է, որ անցնող տարին ամենանշանակալիցն էր ընկերության պատմության ընթացքում, քանի որ նախորդ տարի ընկերությունը կամավոր ապահովագրության տեսակներով հավաքագրել է մոտ 1.9 մլրդ.ապահովագրական պրեմիա: Մեկ տարուց պակաս ժամկետում ընկերությունն աճել է ավելի քան 3 անգամ, իր մասնագետների թիվն ավելացնելով 27-ից մինչև 108: Ընկերության գործակալական ցանցը կազմված է 600 ապահովագրական խորհրդատուներից, իսկ 2011 թվականին ընկերությունը խոստանում է աշխատանքով ապահովել ևս 1500 հոգու: