Ուրբաթ, 1 Ապրիլի 2011 19:54
ԱրմԻնֆո գործակալությունը շուկա է դուրս բերել նոր տեղեկատվա-վերլուծական պրոդուկտ` Հայաստանի խոշորագույն արտադրողների և առևտրական կազմակերպությունների Ռենկինգը
Արմինֆո. ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը շուկա է դուրս բերել նոր տեղեկատվա-վերլուծական պրոդուկտ` Հայաստանի խոշորագույն արտադրողների և առևտրական կազմակերպությունների Ռենկինգը: Տեղեկագիրն իրենից ներկայացնում է ձեռնարկությունների ֆինանսական համալիր վերլուծություն, նրանց գործունեության գնահատման, իրացվելիության և գործարար ակտիվության բազմաթիվ որակական և քանակական գործակիցներով: ՙՄեր նոր պրոդուկտները համահունչ են կառավարության կողմից իրականացվող` Հայաստանի տնտեսության իրական հատվածի թափանցիկության ապահովման, ինչպես նաև ստվերային հատվածից դուրս բերելուն ուղղված քաղաքականությանը: Որպես շուկայի տեղեկատվական ենթակառույց, մենք կարող ենք ուժերի ներածին չափով ներգրավվել այս դժվարին աշխատանքին՚,-ասել է Ռեյտինգային և մարկետինգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը: Նրա խոսքերով, Ռենկինգների շարքը հետագայում կշարունակվի նաև խոշորագույն ծառայություններ մատուցող կազմակերպությունների գծով: Է.Մկրտչյանը համոզվածություն է հայտնել, որ տեղեկատվա-վերլուծական նոր պրոդուկտների ստեղծումը լույս կսփռի երկրի տնտեսության իրական հատվածին, բարձրացնելով Հայաստանի ներդրումային հետաքրքրության մակարդակը:
Առայժմ Ռենկինգները կհրապարակվեն տարեկան մեկ անգամ, հայկական խոշորագույն ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների արդյունքների հիման վրա, քանի որ, այդ ձեռնարկությունները պարտավոր են օրենքով սահմանված կարգով հրապարակել իրենց հաշվետվությունները: ՙԱրմԻնֆո գործակալության ռեյտինգային ծառայությունը հասկանում է, որ տնտեսության մեջ առկա ստվերային հատվածի բարձր մակարդակն իր ճշգրտումները կարող է մտցնել ձեռնարկությունների ֆինանսական վերլուծություննների մեջ, սակայն դա բնավ էլ չի նվազեցնում մեր աշխատանքի կարևորությունը: Ձեռնարկությունների ղեկավարների կողմից մենք ակնկալում ենք փոխըմբռնում և համագործակցություն և պատրաստ ենք ընդունելու մեր տեղեկատվա-վերլուծական պրոդուկտների կատարելագործմանն ուղղված բոլոր առաջարկությունները՚,-ընդգծել է ԱրմԻնֆո գործակալության ռեյտինգային ծառայության ղեկավար Կարինե Մելիքյանը:
Նշենք, որ ԱրմԻնֆո գործակալության ռեյտինգային ծառայությունն ստեղծվել է 90-ական թվականերին, իր գործունեությունն սկսելով Հայաստանի առևտրային բանկերի, հետագայում նաև վարկային կազմակերպույթունների և ապահովագրական ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վերլուծությունով: Վերջերս լույս է տեսել ՙՀայաստանի առևտրային բանկերի վերլուծություն և ռենկինգ՚ տեղեկագրի հերթական` 65-րդ թողարկումը, վարկային կազմակերպությունների ռենկինգի 27-րդ թողարկումը և հրապարակման է պատրաստվում ապահովագրական շուկայի վերլուծության 25-րդ թողարկումը: