Չորեքշաբթի, 30 Մարտի 2011 22:25
IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին ընդարձակելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը` խթանելով վերջիններիս աճը
Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին ընդարձակելու փոքր և միջին (ներառյալ գյուղատնտեսական) բիզնեսի ոլորտում գործող ձեռնարկություններին տրամադրվող միկրոֆինանսավորման ծրագիրը: Այն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և երկրի տնտեսական ընդհանուր աճին:
IFC-ին կտրամադրի 20 միլիոն ԱՄՆ դոլար ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրք զբաղացնող ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին, որի հիմնական ռազմավարությունը ֆինանսական ծառայությունների մատուցումն է միկրո և փոքր ձեռնարկություններին` առանձնահատուկ ուշադրություն կենտրոնացնելով ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանը: IFC-ի կողմից ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին տրամադրվող վարկը կնպաստի միջնաժամկետ վարկային ֆինանսավորման ընդլայնմանը, որը վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի հետևանքով զգալիորեն նվազել է: Գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին և փոքր ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսավորումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը` հատկապես Հայաստանի խոցելի գյուղական համայնքներում:
ՙIFC-ից ստացվող այս նոր վարկը կամրապնդի մեր բանկի դիրքը շուկայում և հնարավորություն կտա մեզ ավելի զարգացնելու մեր ռազմավարությունը` միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում, մասնավորապես գյուղատնտեսական վարկավորման ոլորտում: Մենք համոզված ենք, որ բանկերի կողմից միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորոևմը հանդիսանում է տնտեսության զարգացման հիմնական գործոններից մեկը և նշանակալի է, որ IFC-ն համագործակցում է մեզ հետ այս գործընթացում՚ - ասել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
ՙԳյուղատնտեսական ոլորտը ամենախոշոր զբաղվածություն ապահովող ոլորտն է Հայաստանում: Վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը և անցյալ տարվա անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցություն են թողել գյուղատնտեսության վրա: Համագործակցելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ մենք հնարավորություն կունենանք աջակցելու գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններին` տրամադրելով նրանց հավելյալ ֆինանսական միջոցներ և ստեղծելով նոր աշխատատեղեր, որը վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար չափազանց կարևոր է՚ - ասել է IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
2003 թ. IFC-ն համագործակցելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ ստեղծեցին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լիզինգային գործառնությունների մեջ մասնագիտացված ՙԱԳԲԱ-լիզինգ՚ վարկային կազմակերպությունը: IFC-ն օժանդակեց ՙԱԳԲԱ-լիզինգ՚ վարկային կազմակերպության կապիտալի ձևավորմանը, ինչպես նաև տրամադրեց վերջինիս երկարաժամկետ վարկեր: 2010թ. IFC-ին 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ տրամադրեց ՙACBA-լիզինգ՚-ին` նպաստելու տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995 թվականին: Առ այսօր 110 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 24 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: