Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2011 19:19
Յունիբանկը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5%
Արմինֆո. Յունիբանկը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի հաշվի դրամական միջոցների նկատմամբ` 5% տարեկան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
Յունիբանկի կենսաթոշակային քարտը սպասարկման արտոնյալ պայմաններով ArCa Classic ունիվերսալ բանկային քարտ է ` նախատեսված հատուկ թոշակառուների համար: Քարտի տրամադրումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:
Քարտի միջոցով կարելի է ստանալ կանխիկ դրամական միջոցներ Բանկի դրամարկղներում և բանկոմատներում առանց միջնորդավճարի, ինչպես նաև վճարումներ իրականացնել առևտրային և սպասարկման կետերում: Կենսաթոշակային քարտերը տրամադրվում են Յունիբանկի բոլոր 34 մասնաճյուղերում:
Նշենք, որ 2010 թվականին Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն աճել է ավելի քան 66 տոկոսով` կազմելով 66 հազար: Այս տարի Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS տերմինալներինը` 900-ի, իսկ բանկոմատներինը` 100-ի:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հունվարի 24-ին Յունիբանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել է անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: