Ուրբաթ, 15 Ապրիլի 2011 17:23
Հայաստանի բժշկական կորպորատիվ ապահովագրության շուկան շարունակում է աճել նաև 2011 թվականին
Արմինֆո. ՙԵկամտահարկի մասին՚ ՀՀ Օրենքում փոփոխությունների և լրացումները 2010 թվականին բերեցին Հայաստանի բժշկական ապահովագրության շուկայի 40% աճին: Այս մասին, այսօր, մամուլի ասուլիսում հայտարարել է ՙԳարանտ-Լիմենս՚ ապահովագրական ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ 2008 և 2009 թվականներին բժշկական ապահովագրության բաժինը Հայաստանի ապահովագրական շուկայի ընդհանուր ծավալներում կազմում էր մոտ 8%: Իսկ 2010 թվականն այդ հատվածի բաժինը հասավ 13%-ի, ապահովագրական պրեմիաների ծավալը` 986.1 մլն.դրամի, գրանցելով 42% տարեկան աճ:
Ինչպես նշել է մամուլի ասուլիսին ներկա`ՀՀ Ֆինանսնրի նախարարության ռազմավարական պլանավորման Վարչության ղեկավար Վախտանգ Միրումյանը, ՙԵկամտահարկի մասին՚ օրենքի փոփոխություններով գործատուի կողմից վճարված ապահովագրական վճարները չեն հարկվում: Նա հիշեցրել է նաև ՙՇահութահարկի մասին՚ Օրենքի փոփոխությունների մասին, որը նույնպես նախատեսում է գործատուի հարկային պարտավորությունների 35% նվազեցում: Նրա խոսքերով, նշված օրենսդրական փոփոխությունները ոչ միայն հարկային խթաններ կհանդիսանան գործատուների համար, այլ նաև կնպաստեն ապահովագրական ընկերությունների զարգացմանը, որոնք մասնագիտանում են բժշկական ապահովագրության հատվածում:
ՙԳարանտ-Լիմենս՚-ի գործադիր տնօրենը գտնում է, որ Հայաստանի բժշկական ապահովագրությնա շուկան կշարունակի աճել նաև այս տարի: Նրա կանխատեսումներով, 2011 թվականին ընկերությունն ակնկալում է բժշկական ապահովագրության գծով պրեմիաների 60% աճ:
Ապահովագրողի խոսքերով, բժշկական ապահովագրության գծով միջին պրեմիան 2008 թվականին կազմել է 71 հազ.դրամ, 2009 թվականին` 95 հազ.դրամ, 2010 թվականին` 106 հազ.դրամ: Նրա խոսքերով, պոլիսի թանկացումը պայմանավորված է բժշկական ծառայությունների ցանկի փոփոխությունով, որոնք կատարվում են գործատուի կողմից: