Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2011 20:31
Ամերիաբանկի նոր Մաքսային քարտը թույլ կտա ներմուծող կազմակերպություններին առավել դյուրին իրականացնել մաքսային և հարկային վճարումները
Արմինֆո. Ամերիաբանկը այսօր մշակել և իրավաբանական անձանց է ներկայացրել նոր վճարային քարտ` Հայաստանի բոլոր մաքսային կետերում անկանխիկ մաքսային վճարումների իրականացման հնարավորությամբ: Այս ժամանակակից ֆինանսական գործիքը նպատակաուղղված է դարձնել հաճախորդների գործունեությունն առավել հարմարավետ և տնտեսել նրանց ժամանակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ներմուծող ընկերությունների և մաքսազերծման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար հատուկ մշակված և ներդրված այս քարտը համալրում է Բանկի կողմից առաջարկվող վճարային քարտերի լայն տեսականին և ստեղծում ևս մեկ նոր հնարավորություն օգտվել անկանխիկ վճարումների հարմարավետությունից և անվտանգությունից:
Քարտը նախատեսված է մաքսային կետերում մաքսային ու հարկային վճարումներն առավել դյուրին և հարմարավետ իրականացնելու համար` առանց անհանգստանալու բավականաչափ դրամական միջոցների առկայության մասին:
Ձեռք բերելով Մաքսային քարտը` հաճախորդը հնարավորություն է ստանում օգտվել քարտի սպասարկման հատուկ արտոնյալ պայմաններից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև քարտին կից վարկային գծի ստացման մի շարք առավելություններից: Բանկում 3 ամսից ավել սպասարկված իրավաբանական անձ հաճախորդների համար քարտի սպասարկումն անվճար է, քարտին կից վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող առաջին ամսվա համար սահմանված է ցածր տարեկան տոկոսադրույք, վարկային գիծը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, գծի ապահովվածություն է հանդես գալիս դրամական միջոցների շրջանառությունը:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: