Չորեքշաբթի, 8 Հունիսի 2011 10:34
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը ստորագրել են 10 մլն դոլարի նոր վարկային պայմանագիր
ԱրմԻնֆո. Երեկ Տիրանայում անցկացված Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (ՀԵԵՀ) տարեկան ժողովի ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Հիմնադրամի խորհրդի նախագահ Դոկտոր Կլաուս Գլաուբիթը կնքել են նոր վարկային պայմանագիր` Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Այդ մասին տեղեկացնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատավական բաժինը:
”ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրած առաջին վարկը ծառայել է իր նպատակին, և մենք հաճույքով մեկ անգամ ևս աջակցում ենք Բանկին”,- ասել է Գլաուբիթը:ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախաԳահ Աշոտ Օսիպյանը բարձր գնահատելով Հարավարևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության մակարդակը, նշել է, որ 10 մլն ԱՄՆ դոլարի այս վարկային ծրագիրը 2-րդն է, որն իրականացվում է EFSE-ի հետ համատեղ: “Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ չնայած կարճ ժամանակահատվածին, Եվրոպայում և նախկին խորհրդային երկրներում գործունեության նշանակալի փորձ ունեցող այս հեղինակավոր գործընկերոջ հետ մեր Բանկի համագործակցությունն արդեն իսկ կարելի է հաջողված գնահատել: Անցած տարվա հոկտեմբերին կնքված 5 մլն. ԱՄՆ դոլարի պայմանագրի շրջանակներում մենք վարկավորել ենք միկրո և փոքր բիզնեսի մոտ 110 վարկային ծրագիր` հնարավորություն ստանալով մեր հաճախորդներին առաջարկել ավելի մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում և դիվերսիֆիկացնել վարկային ներդրումների պորտֆելը՚” -նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենը:
Ա. Օսիպյանը, միաժամանակ, վստահեցրել է, որ նոր վարկային ծրագիրը ևս Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի զարգացման համար զգալի ներդրում կլինի` նպաստելով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների բարգավաճմանը և բիզնես ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքերով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանալով Հայաստանում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտում առաջատարներից մեկը, իր զարգացման ծրագրերով նախատեսում է վարկավորման ծավալների և աշխարհագրության էական ընդլայնում, և այս առումով ակնկալվում է, որ Հարավարևելյան Եվրոպական հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական: Նշենք, որ 2007 թվականից սկսած Բանկի վարկային պորտֆելը դինամիկ աճ է գրանցում: 2010 թվականի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային ներդրումների ծավալն աճել է 57%-ով, իսկ ընթացիկ տարվա միայն առաջին եռամյակի ընթացքում` 15 %-ով: