Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 19:07
2011 թվականի առաջին կիսամյակում Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների հաճախորդների թիվն ավելացել է 47%
Արմինֆո: 2011 թվականի առաջին կիսամյակում Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների հաճախորդների թիվն ավելացել է 47%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալի  աճը կազմել է 47 %: Ընդ որում, ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով  գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով, իսկ  ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատությամբ այդ ծավալն  աճել է 48 %: 
   
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկը, սկսած 2010թ. նոյեմբեր ամսից, ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ /առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում/, համաձայն որի Բանկը ձեռք  բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: Փաստենք, որ այդ ընկերությունների ցանկը շարունակ համալրվում է: 
Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալն ընթացիկ տարում սկսել է աճել մեծ տեմպերով, այսպես` եթե տարվա սկզբին ֆակտորինգային գործարքների ընդամենը 6%-ն էր բաժին ընկնում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին, ապա ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով այն հասնում է 34%-ի: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը I եռամսակի համեմատ աճել է 11 անգամ:
Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` առաջարկելով յուրաքանչյուր հաճախորդին անհատական ֆակտորինգային համագործակցության սխեմա: