Հինգշաբթի, 11 Օգոստոսի 2011 18:17
Յունիբանկի մեկ տարում 28% մեծացրել է ժամկետային ավանդների պորտֆելը
Արմինֆո. 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է ավելի քան 80,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28%-ով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից: Ընդ որում, Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 18%-ով և կազմել 47,4 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, Յունիբանկի պորտֆելում գերակշռում են երկարաժամկետ ավանդները, ինչը վկայում է Բանկի հանդեպ բնակչության բարձր վստահության մասին: Մեծ պահանջարկ է վայելում ՙՀարմարավետ՚ ավանդը, որն ընդունվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ավանդի հիմնական առավելություններն են բարձր եկամտաբերությունը և ներդրված գումարի մասնակի հետ կանչման հնարավորությունը: Այս ավանդը ձևակերպած բոլոր ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90%-ի չափով: ՙՀարմարավետ՚ ավանդի տարեկան տոկոսադրույքը ըստ արժույթների հետևյալն է` դրամի դեպքում` մինչև 12%, իսկ դոլարի և եվրոյի դեպքում` մինչև 8% և 6%:
ՙՅունիբանկը ժամկետային ավանդների գծով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ: Մեր ավանդները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ լայն ընտրության, շահավետ պայմանների և ապահովության երաշխավորության՚, - ասել է Յունիբանկի Մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը:
Այսօր Յունիբանկը, հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչև 12.1% տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի: Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ հետ կանչել ավանդի գումարը, անվճար ապահովագրության կամ արժեքավոր նվերների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ: Ավանդներն ընդունվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում: