Շաբաթ, 27 Օգոստոսի 2011 11:32
Ամերիաբանկը շարունակում է մնալ տնտեսության վարկավորման գծով առաջատարը, իսկ ACBA-Credit Agricole Բանկը` ֆիզիկական անձանց վարկավորման գծով
ԱրմԻնֆո: Հայաստանի բանկային համակարգի կողմից իրականացված վարկային ներդրումների ծավալները տարվա կտրվածքով աճել են 40.6%, միայն երկրորդ եռամսյակում` 9%, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 1179.1 մլրդ.դրամի (3.2 մլրդ.դոլար), կամ ակտիվների 66.9%-ին, իսկ առանց հնարավոր կորուստների պահուստի` կազմել է 1160.3 մլրդ.դրամ: Ընդ որում, պահուստների չափերը տարվա կտրվածքով աճել են 19%, իսկ երկամյա կտրվածքով` 27%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, առևտրային բանկերի միագումար վարկային պորտֆելում (առանց միջբանկային վարկերի ու ավանդների) ժամկետանց վարկերի բաժինը երկրորդ եռամսյակում նվազել է 1.8%-ից մինչև 1.7% (3 բանկերի մոտ 4-7%):
Առևտրային բանկերի կողմից երկրի տնտեսության վարկավորման ծավալները կազմել են վարկային ընդհանուր ներդրումների 64%-ը կամ 753.4 մլրդ.դրամ (2 մլրդ.դոլար) և այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 43.4%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 9.5%, առաջին եռամսյակի 9% աճի համեմատ: Միևնույն ժամանակ առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները տարվա կտրվածքով աճել են 23.1%, իսկ միայն երկորդ եռամսյակում` 7.5% (առաջին եռամսյակի 7.3% աճի համեմատ), հունիսի 30-ին կազմելով 342 մլրդ.դրամ կամ 927 մլն.դոլար (վարկային ընդհանուր ներդրումների 29%-ը):
Առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման գծով 2011 թվականի առաջին կիսամյակում 33.3% աճ է գրանցվել սպասարկման ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում` 25.4%, առևտրի ոլորտում` 24.4%, տրանսպորտի և կապի ոլորտում` 21%, արդյունաբերական հատվածում` 8.8%, շինարարության հատվածում` 18.7% աճ:
Մանրածախ վարկավորման ոլորտում բանկերի հիփոթեքային պորտֆելը 2011 թվականի առաջին կիսամյակում աճել է 7%, ապառիկ կարգով գնումների վարկավորման պորտֆելը` 16.2%, իսկ ավտովարկավորման ծավալները նվազել են 16.4%:
Տնտեսության վարկավորման ծավալներով առաջատարն է Ամերիաբանկը` 100.4 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 78%-ը), երկրորդ տեղում է Հայբիզնեսբանկը` 76.1 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 78.3%-ը), երրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը` 64.3 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 70.6%-ը), չորրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 64.3 մլրդ.դրամ (59.1%), հինգերորդ տեղում է ACBA-Credit Agricole Բանկը` 60.8 մլրդ.դրամ (45.7%): ProCreditBank-ը, որը Հայաստանի բանկային շուկայում սկսել է գործել 2008 թվականի փետրվարից, երկոււ տարում կարողացել է վարկային պորտֆելում ապահովել տնտեսության վարկավորման բաժնի 91% կամ 19 մլրդ.դրամ, զբաղեցնելով 14րդ հորիզոնականը: Տնտեսության վարկավորման ամենափոքր ծավալները վարկային պորտֆելում ապահովել է ՙՄելլաթ Բանկը՚` 2.7% կամ 0.8 մլրդ.դրամ (21 տեղ):
Ֆիզիկական անձանց վարկավորման գծով առաջատարն է ACBA-Credit Agricole Բանկը` 67.6 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 50.8%-ը, գյուղվարկերի հետ միասին), երկրորդ տեղում է ՎՏԲ-Հաաստան Բանկը` 42 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 38.6%-ը), երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 27.7 մլրդ.դրամ (32.9%): Վարկային ընդհանուր ծավալներում ֆիզիկական անձանց վարկավորմամբ առաջատարն է ԲՏԱ Բանկը` 77.6%, բացարձակ արտահայտությամբ կազմելով 3.4 մլրդ.դրամ (18 տեղ), որոնք հիմնականում սպառողական վարկեր են: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով ամենացածր ցուցանիշը գրանցել է ՙՄելլաթ Բանկը՚` 4.5% կամ 1.4 մլրդ. դրամ (20 տեղ), հիմնականում կենտրոնանալով հիփոթեքային վարկավորման գծով:
ՏՆտեսության վարկավորման եռամսյակային աճ է ապահովել 19 բանկ, իսկ տարեկան աճ`175 բանկ: Ընդ որում, եռամսյակային ամենամեծ աճ է ապահովել Զարգացման Հայկական Բանկը` 31.7%, մինչև 12.2 մլրդ.դրամ (19 տեղ), իսկ տարեկան ամենամեծ աճը` Առէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբը` ավելի քան 2 անգամ, մինչև 50.6 մլրդ.դրամ (7 տեղ): Ամենամեծ եռամսյակային անկումը գրանցել են միայն Յունիբանկը և HSBC Հայաստան Բանկը` 2-4%, իսկ տարեկան ամենամեծ անկումը` ՙՄելլաթ Բանկը՚` 31%: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով եռամսյակային և տարեկան աճ է ապահովել 16 բանկ: Մասնավորապես, ֆիզիկական անձանց ամենամեծ եռամսյակային և տարեկան աճն ապանովել է` Արմսվիսբանկը` 26-64%, մինչև 3.4 մլրդ.դրամ (17 տեղ), իսկ եռամսյակային և տարեկան անկում է ՙՄելլաթ Բանկը՚ 9-23%:
Հիշեցնենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, 2008-2009 թվականներին և 2010 թվականի առաջին 3 եռամսյակներում ֆիզիկական անձանց վարկավորման աճի տեմպերը զգալիորեն զիջել են տնտեսության վարկավորման աճի տեմպերին, ինչը 2008-2009 թվականներին պայմանավորված է եղել միջազգային ֆինանսական ճգնաժամով, երբ բանկերը զուսպ ու զգույշորեն էին իրականացնում սպառողական վարկավորումը, հիփոթեքային վարկավորումը և ավտովարկավորումը, դրա փոխարեն ակտիվանալով ՓՄՁ վարկավորման ոլորտի, արդյունաբերական հատվածի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտների վարկավորման հատվածներում: 2009 թվականի առաջին եռամսյակից մանրածախ վարկավորում էին իրականացնում փոքրաթիվ բանկեր, ընդ որում, կրկնակի վարկավորման պայմաններով, ինչը 2009 թվականի առաջին 3 եռամսյակներում բերեց ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերի անկման: Մանրածախ և սպառողական վարկավորման վերականգնումը սկսեց դիտվել միայն 2009 թվականի չորրորդ եռամսյակից, հիմնականում, ՙԱզգային Հիփոթեքային Ընկերության՚ ստեղծման շնորհիվ, որը կոչված էր վերաֆինանսավորելու հիփոթեքային վարկերը: Դրա հետ մեկտեղ, Կենտրոնական բանկը գործարկեց ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ ծրագիրը, որի շրջանակներում վերաֆինանսավորվում էին հիփոթեքային վարկերը: Բացի այդ, 2010 թվականի ապրիլի 19-ին պայմանագիր ստորագրվեց ՀՀ Կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև, բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի ծրագրի զարգացման ուղղությամբ: Նշված միջոցառումների շնորհիվ ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերը, չնայած դանդաղորեն, բայց սկսեցին աճել, սակայն, դեռևս զիջում են տնտեսության վարկավորման տեմպերին: