Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 14:34
Հայաստանի դրամական բազան 2011 թվականի հուլիսին աճել է 2 տոկոսով, մինչև 1.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի հուլիսին աճել է 2%, 2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմելով 530.6 մլրդ.դրամ կամ 1.5 մլրդ.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ նախնական տվյալների, 2011 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստանի դրամական բազան աճել է 14.5%, իսկ տարվա կտրվածքով`22%-ով:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները հուլիսին աճել են 4.9%, օգոստոսի 1-ի դրությամբ կազմելով 355.5 մլրդ. դրամ: Հունվար-հուլիսին այս ցուցանիշն աճել է 13.6%, իսկ մեկ տարում` 15.5%: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 19.7% կամ 104.6 մլրդ.դրամ, աճելով հուլիսին 16.3%: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 10.7%-ը կամ 56.6 մլրդ. դրամ, հուլիսին նվազելով 26.1%-ով:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2011 թվականի հուլիսին աճել են 6.3%, մինչև 428.5 մլրդ.դրամ (հունվար-հունիսին աճը կազմել է 0.2%, իսկ տարվա կտրվածքով անկումը կազմել է 5.7%¤:
Ներքին ակտիվների չափերը 2011 թվականի հուլիսին աճել են մոտ 12.7%, օգոստոսի 1-ին կազմելով 102.1 մլրդ.դրամ: Հունվար-հուլիս ամիսներին այս ցուցանիշն աճել է մոտ 3 անգամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 101.7 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, հուլիսին կրճատվելով 21.6%: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալներում բանկերի նկատմամբ պահանջների բաժինը հաշվետու ամսում աճել է 3.5%, մինչև 89.3 մլրդ. դրամ: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը հուլիսին աճել է 7.1%, մինչև 11.5 մլրդ.դրամ: