Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2011 15:10
ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաները երևանյան միջազգային ֆորումում փորձում են հասկանալ տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները
ԱրմԻնֆո. Ներկայումս Երևանում տեղի է ունենում ՙՏեղական շուկաների գլոբալ հնարավորությունները-ենթակառույցներ և կարգավորում՚ թեմայով համնաժողովը: Ինչպես համաժողովի բացման ժամանակ նշել է NASDAQ OMX Armenia բորսայի նորանշանակ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, այս համաժողովն իր ձևաչափով առաջինն է և յուրօրինակ ինկուբատոր է հանդիսանում ֆոնդային բորսաների և դեպոզիտարիաների երկարաժամկետ համագործակցության համար:
Կենտրոնական Դեպոզիտարիայի ղեկավար Վահան Ստեփանյանի խոսքերով, Եվրասիայի ԿԴ ասոցիացիան իր գոյության 7 տարիների ընթացքում լուրջ արդյունքների է հասել դեպոզիտարիաների միջև կապերի ամրապնդման հարցում, ինչը չի կարելի ասել բորսաների միջև համագործակցության մասին ԱՊՀ երկրներում:
Անդրադառնալով Հայաստանում 2014 թվականից կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ԿԴ ղեկավարը նկատել է, որ ներկայումս Կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատում են ՏՏ պլատֆորմի ստեղծման ուղղությամբ, կենսաթոշակային հաշիվները իրական ժամանակի ընթացքում վարելու նպատակով:
Համաժողովում ելույթով հանդես է եկել նաև USAID փորձագետ Ռոզա Չիափեն: Նա դրականորեն է գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աշխատանքները կուտակային համակարգի ներդրման ուղղությամբ, վստահույթուն հայտնելով, որ երկրում նոր համակարգի ներդրումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին: