Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2011 16:00
Նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրենը
ԱրմԻնֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա հայկական ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն է նշանակվել Կոնստանտին Սարոյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, Կոնստանտին Սարոյանը նոր սերնդի առաջադեմ մասնագետներից է, փորձառու` բանկային կառավարման և տեխնոլոգիաների մշակման ու հայաստանյան շուկայում դրանց ներդրման գործում:
Սարոյանն իր կարիերան սկսել է 1999 թ-ից: 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում: 2002թ.-ից ղեկավարել է մարքեթինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները ՀՀ մի շարք բանկերում:
2004-2011թթ. Սարոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկե ՓԲԸ-ում: Հանդիսացել է բանկի ներքին աուդիտի ղեկավար, տնօրինության անդամ և ղեկավարել է տարբեր մի շարք ուղղություններª ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման:
Հոկտեմբերի 3-ից Կ. Սարոյանն ընտրվել է որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Խորհրդի կողմից, իսկ հոկտեմբերի 18-ին իր թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Կ. Սարոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում: Նա դասավանդել է մի շարք համալսարաններում, ներկայումս դասավանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանե Հիմնադրամում: