Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2011 18:42
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 20տոկոսով
ԱրմԻնֆո. 2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:
Աղբյուրի համաձայն, քարտերի միջոցով Յունիբանկը տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար: Յունիբանկի սպառողական վարկավորման զարգացման ռազմավարության հիմքում է հաճախորդների պահանջներին և տվյալ ոլորտի շուկայական առանձնահատկություններին առավելագույնս համապատասխանող վարկատեսակների մշակումն ու ներդրումը: Դրա հետ պայմանավորված, Յունիբանկը պարզեցրել է վարկառուների գնահատման գործընթացը և ներդրել հաճախորդի վարկային պատմության վերլուծության վրա հիմնված նոր մոտեցում, որը ենթադրում է հաճախորդի կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում: Հարկ է նշել, որ Յունիբանկի սպառողական վարկերի մեծ մասը տրամադրվում է առանց գրավի: Նման մոտեցման շնորհիվ բանկն էապես կրճատել է վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակը և որոշ սպառողական վարկատեսակների գծով այն հասցրել մինչև մեկ բանկային օրվա` հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, ակտիվ քարտերի քանակով Յունիբանկը գտնվում է առաջատարների հնգյակում, իսկմիջազգային Visa քարտերի, բանկոմատների և POS-թերմինալների քանակով` առաջատարների եռյակում: 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ունի 546 POS-թերմինալ և 79 բանկոմատ: Բանկի ակտիվ քարտերի տարեկան աճը հիմնականում պայմանավորված է ArCa տեղական քարտերի աճով: