Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2011 18:00
Ամերիաբանկը նախատեսում է 2012 թվականին մանրածախ վարկերի բաժինը հասցնել 25-30 տոկոսի
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը նախատեսում է 2012 թվականին մանրածախ վարկավորման բաժինը վարկային պորտֆելում ներկայիս 15%-ից հասցնել մինչև 25%-ի: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը, ՙԿոմիտաս՚ մասնաճյուղի նոր գրասենյակի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս բանկի մանրածախ վարկավորման պորտֆելը կազմում է մոտ 18 մլրդ.դրամ: ՙԱմերիաբանկի ռազմավարության շրջանակներում, որն ուղղված է մանրածախ բիզնեսի խթանմանը, բոլոր մասնաճյուղերը շեշտը կդնեն մանրածախ վարկավորման զարգացման վրա, այդ թվում նաև ՙԿոմիտաս՚ մասնաճյուղը: Ընդ որում, վերջինիս վարկային պորտֆելը մեկ տարում նախատեսվում է հասցնել 1 մլրդ.դրամի, ներկայիս 150 մլն.դրամի փոխարեն՚,-նշել է Վ.Սեկոյանը: Մանրածախ բանկինգի տնօրենը նաև նշել է, որ Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում կարող են սպասարկվել ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բանկինգի հաճախորդները:
Ըստ Ամերիաբանկի տվյալների, 2011 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է 35 մլրդ.դրամ, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 56%-ով: Մեկ տարում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների թվաքանակն աճել է 40%-ով, վարկային հաշիվների քանակը` 56%-ով, իսկ ավանդային հաշիվների քանակը` 68%-ով:
Այսօր Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է մանրածախ ծառայությունների լայն փաթեթ: Այդ թվում` ոսկու կառուցվածքային ավանդատեսակը, ինչպես նաև խնայողական, մետաղական հաշիվներ, վճարային քարտեր, վարկային ծառայությունների լայն շրջան և մի շարք այլ ծառայություններ, որոնք տարբերվում են պայմաների զանազանությամբ և սակագների ճկունությամբ: