Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2011 17:16
ԱՄՀ-ն Հայաստանի Կենտրոնական բանկին ազատել է NDA չափանշների պահպանման հետ կապված պարտավորություններից
ԱրմԻնֆո. Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր Խորհուրդը դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի Կենտրոնական բանկին, 2011 թվականի հունիսի վերջի դրությամբ, Հայաստանի զուտ ներքին ակտիվների (NDA) չափանշների պահպանման հետ կապված պարտավորություններից ազատելու վերաբերյալ որոշումը: Այս մասին է ասվում ԱՄՀ երևանյան գրասենյակից ստացված հաղորդագրության մեջ: ԱՄՀ-ն հաստատել է նաև 2011 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ զուտ միջազգային պահուստների և NDA գծով արդյունավետության չափանիշների փոփոխությունը, ինչպես նաև վերանայել է NDA արդյունավետության չափանիշներն արտաքին ֆինանսավորմանը սիմետրիկ ռեգուլյատոր ընդգրկելու համար:
ՙՖիսկալ քաղաքականությունը եղել է խելամիտ, բյուջեի դեֆիցիտը 2011 թվականին հերթական անգամ զգալիորեն իջել է, իսկ 2012 թվականի և դրան հաջորդող տարիների համար նախատեսվում է հետագա կոնսոլիդացիա: Դա թույլ կտա ապահովել ֆինանսական կայունություն և նվազեցնել Հայաստանի տնտեսության խոցելիությունը, մասնավորապես, աճող արտաքին գլոբալ ռիսկերից և համաշխարհային տնտեսության դանդաղումից: Հարկային բարեփոխումների 2012 թվականի համար ընդունված փաթեթը կարելի է միայն ողջունել, քանի որ այն կթեթևացնի ծախսերի գծով բեռնվածության կարգավորումը: Հետագա միջոցառումներն սպասվում են առաջիկա հարկային ռազմավարության գծով՚,-ընդգծել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ տկն.Նեմատ Շաֆիկը (Ms. Nemat Shafik, Deputy Managing Director): ԱՄՀ մասնագետները գտնում են, որ կառուցվածքային բարեփոխումներն ուղղված են տնտեսական աճի ամրապնդմանը և կնպաստեն արտաքին ճշգրտմանը: Մասշտաբային բարեփոխումները, ասվում է հաղորդագրության մեջ, անհրաժեշտ է ուղղել ակտիվ գործարարությանը, մրցունակության քաջալերմանը, արտադրողունակության բարձրացմանը և արտահանման աճին:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2011 թվականի 3-րդ եռամսյակում Կենտրոնական բանկի ակտիվներն աճել են 11%, կազմելով 2.789 մլրդ.դոլար կամ 1.038 տրլն.դրամ, որի 75.3%-ը կազմել են արտարժութային ակտիվները: Հաշվետու եռամսյակում արտարժութային ակտիվներն աճել են 9.8%, դրամային ակտիվները` 14.7%: Արտարժութային ակտիվների և արտարժութային պարտավորությունների կազմում գրանցվել է ԱՄՀ միջոցներով եռամսյակային 2% անկում: Երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն արտաքին ակտիվներն աճել են 9.7%, կազմելով 1955.1 մլն.դոլար: Զուտ արտաքին ակտիվները 3-րդ եռամսյակում աճել են 9.1%, կազմելով 1228.964 մլն.դոլար: