Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2011 16:23
ՙՌԵՍՈ Խմբի՚ խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար ԼՂՀ-ում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցման համար
ԱրմԻնֆո. ՙՌԵՍՈ Խմբի՚ խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար ԼՂՀ-ում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցման համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՌԵՍՈ ապահովագրական ընկերության մարկետինգի ծառայությունից:
Նշենք, որ Ս.Սարկիսովը հանդիսանում է ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրներից մեկը, որը Հայաստանի ապահովագրական շուկա մտավ 2008 թվականին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Մոսկվայի ՙՌենեսանս Մոնարխ՚ հյուրանոցում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվել էր բարեգործական ճաշկերույթ, որին ներկա են գտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, ՙՌԵՍՈ Խմբի՚ խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը և շուրջ 70 հայազգի այլ գործարարներ: Արցախի գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար նախատեսված բարեգործական ճաշկերույթի ընթացքում հայ գործարարները հանգանակեցին ավելի քան 18 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում Սերգեյ Սարկիսովի հանգանակությունը կազմում էր 3 միլիոն ԱՄՆ դոլար: Սերգեյ Սարկիսովի կատարած հանգանակությունն ամբողջովին կուղղվի Ստեփանաակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը:
ՌԵՍՈ խումբն ստեղծվել է 2004 թվականին: Այսօր այն կազմված է 30 ընկերություններից, որոնք աշխատում են ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական բիզնեսում, Ռուսաստանում և ԱՊՀ-ում: Խմբի ակտիվների մեջ են մի շարք ընկերությունների, այդ թվում`ՙՌԵՍՈ-արանտիա՚ ապահովագրական ընկերության, ՙՅունիտի Ռե՚ վերապահովագրական ընկերության, ՙՌԵՍՈ-արանտիա՚ կյանքի ապահովագրության ընկերութան և այլ ընկերությունների վերահսկիչ փաթեթներ:
Ըստ ապահովագրական ընկերության տվյալների, 2011 թվականի 11 ամիսներին ՌԵԴՈ-ի ապահովագրական պրեմիաները կազմել են 2.213 մլրդ.դրամ, հատուցումների ծավալը`718.169 մլն.դրամ: Ընկերության ապահովագրական պրոդուկտների առաջխաղացման հիմնական աղբյուրը հանդիսանում է գործարարների ցանցը: Ընկերությունն ունի իր սեփական ապահովագրական դպրոցը, որտեղ տեղի է ունենում ապահովագրական խորհրդատուների ուսուցումը: