Հինգշաբթի, 12 Հունվարի 2012 17:18
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկը
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան տրամադրում է ծանուցման ծառայություն թողարկողներին իրենց արժեթղթերի շարժի մասին: Սույն ծառայությունը լայնորեն կիրառվում է միջազգային շուկաներում, իսկ Հայաստանում առաջին անգամ ներդրվել է Դեպոզիտարիայի կողմից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է NASDAQ OMX Armenia մամուլի ծառայությունից,
Աղբյուրի համաձայն, Դեպոզիտարիայի հաճախորդ բաժնետիրական ընկերությունները այսուհետ կարող են օպերատիվ տեղեկություններ ստանալ իրենց կողմից թողարկված արժեթղթերի շարժի մասին, ինչը կօգնի թողարկողին առավել արդյունավետ կերպով հետևել և պահպանել օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես նախապատվության իրավունքի պահպանման, բաժնետերերի առավելագույն քանակի հետ կապված և այլն:
Դեպոզիտարիայի կողմից ներդրված նոր ծառայություններից է նաև ՙԱռաքում վճարման դիմաց՚ (DVP) սկզբունքով արժեթղթերի փոխանցումը: Այդ ծառայության շնորհիվ Դեպոզիտարիան ապահովում է արտաբորսայական շուկայում արժեթղթերով կնքվող գործարքների հուսալիությունը երկու կողմերի համար, քանի որ արդյունքում Դեպոզիտարիան հանդես է գալիս որպես միջնորդ արժեթղթեր փոխանցողի և ստացողի միջև, ապահովելով, որ արժեթղթերը/դրամական միջոցները տվյալ օրվա ընթացքում չեն փոխանցվի այնքան ժամանակ, քանի դեռ բացակայում են համապատասխան դրամական միջոցները/արժեթղթերը: Վերջնահաշվարկը կատարվում է արժեթղթերի և դրամական միջոցների միաժամանակյա առկայության դեպքում: Արժեթղթեր փոխանցող և ստացող կողմերը կարող են վստահ լինել, որ սույն ծառայությունից օգտվելից իրենք չեն կորցնի իրենց ակտիվները առանց հանդիպակաց կատարման:
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան միակ կազմակերպությունն է հանրապետությունում, որն իրականացնում է գլխավոր կենտրոնացված պահառուի, ինչպես նաև արժեթղթեր գրանցողի և քլիրինգի ու փոխադարձ հաշվարկներ իրականացնողի բացառիկ գործառնություններ: