Ուրբաթ, 20 Հունվարի 2012 16:32
Արարատբանկը և ԵԱԶԲ-ն Հայաստանում գործարկում են միկրովարկավորման նոր ծրագիր
ԱրմԻնֆո. Արարատբանկը և Եվրասիական Զարգացման Բանկը ¥ԵԱԶԲ¤ հունվարի 20-ին ստորագրել են 4 մլն.դոլարի վարկային պայմանագիր: Վարկը տրամադրում է ԵԱԶԲ-ն, միկրովարկավորման աջակցման ծրագրի շրջանակներում, ֆինանսական կառույցներին նպատակային վարկային գծերի տրամադրման միջոցով:
Նշված միջոցառման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ սա ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առաջին ծրագիրն է: ՙՀուսով եմ, որ մեր բանկի համագործակցությունը միջազգային այդ կառույցի հետ կունանա երկարաժամկետ բնույթ և կընդլայնվի վարկավորման տեսականին, այսինքն, ՓՄՁ վարկավորումից բացի համագործակցության հնարավորություն կստեղծվի նաև վարկավորման մյուս ոլորտներում, այդ թվում`միջին և խոշոր բիզնեսում՚,-նշել է նա: Ա.Օսիպյանը տեղեկացրել է, որ ստորագրված պայմանագրի շրջանակներում վարկերը կտրամադրվեն 12-14% միջին տոկոսադրույքով, 3-5 տարի մարման ժամկետով: Նրա խոսքերով, միկրոբիզնեսի սուբյեկտների վարկավորումը կիրականացվի բանկերի կողմից, ԱՄՆ դոլարով:
Իր հերթին ԵԱԶԲ Վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան ընդգծել է հեռանկարային համագործակցության հնարավորությունը, ընդգծելով, որ Արարատբանկն իր մեծ փորձով մեծ վստահություն է վայելում: Նա նշել է, որ Արարատբանկն ինքնուրույն կընտրի ենթափոխառուներին` անհատ ձեռներեցներին և ընկերություններին, որոնք կհամապատասխանեն ԵԱԶԲ-ի որոշակի պահանջներին, այսինքն, ենթափոխառուների անձնակազմի թվաքանակը չպետք է անցնի 50-ից: Ընդ որում, Դ. Ժուրբան հավելել է, որ ԵԱԶԲ-ն Հայաստանում հանդես է գալիս որպես ՓՄՁ բիզնեսի զարգացմանն աջակցող, տեղեկացնելով նաև, որ ԵԱԶԲ-ի կողմից Հայաստանի տնտեսությանն ուղղված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 80 մլն.դոլար: